Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի հետ ստորագրել է 40 մլն եվրոյի վարկային համաձայնագիր

Նոյեմբեր 30,2016 18:52

Զարգացման ֆրանսիական գործակալությունն այսօր  40 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության հետ, բազմասեկտորային բարեփոխումների ծրագրի իրականացումը ֆինանսավորելու նպատակով: Ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի և ԶՖԳ-ի Ասիայի վարչության փոխտնօրեն Ժան-Կլոդ Պիրի ներկայությամբ:

Այս ֆինանսավորման նպատակն է ստեղծել հարկային և սոցիալական ավելի կայուն միջավայր, շրջակա միջավայրի ռեսուրսների ավելի կենսունակ  կառավարում և մրցունակ և գրավիչ տնտեսական տարածք Հայաստանում: Այն մասնավորապես կաջակցի ներքին հարկային ռեսուրսների ավելի մեծ մոբիլիզացիային նվիրված բարեփոխումներին, ոռոգման ենթակառուցվածքների կառավարման բարելավմանը, սոցիալական ծածկույթի ընդլայնմանը՝ մասնավորապես անապահովների համար, գործարար միջավայրի բարելավմանը, առևտրական փոխանակումների դյուրացմանը և վարկերի մատչելիության զարգացմանը:

Այս ծրագիրն էլ ավելի կամրապնդի ԶՖԳ-ի դերը Հայաստանում, որտեղ գործունեություն է ծավալում դեռևս 2013 թվականից: «Մենք շատ ուրախ ենք Հայաստանի Հանրապետության հետ այս ֆինանսական համաձայնագրի ստորագրման համար: Այն նշանավորում է Ֆրանսիայի աճող հանձնառությունն ի նպաստ Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման: Այս ֆինանսավորումը կնպաստի տնտեսական աճի աշխուժացմանը և աշխատատեղերի ստեղծմանը», հայտարարեց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Սա ԶՖԳ-ի իրականացրած երրորդ ծրագիրն է Հայաստանում: Վարկի առաջին գիծը տրամադրվել է 2013 թվականին NMC Ազգային հիփոթեքային հիմնադրամին՝ անապահով ընտանիքների բնակարանների էներգետիկ արդյունավետության և վերանորոգման ներդրումների համար ֆինանսավորման առաջարկը զարգացնելու նպատակով : Երկրորդ վարկը ՀՀ-ին տրամադրվել է 2015թ. Վեդիի ջրամբարի և առնչվող ենթակառուցվածքների կառուցումը ֆինանսավորելու նպատակով : ԶՖԳ-ի կողմից Հայաստանին տրամադրված ընդհանուր գումարը կազմում է 127 մլն եվրո :

Նշենք, որ՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ), ֆինանսական հանրային հաստատություն է, որն իրականացնում է ֆրանսիական կառավարության կողմից սահմանված զարգացման քաղաքականություն, գործում է հանուն աղքատության  հաղթահարման և կայուն զարգացման: Աշխարհի 4 մայրցամաքներում, 75 գրասենյակների իր ցանցով, ԶՖԳ-ն ֆինանսավորում և աջակցում է այնպիսի ծրագրեր, որոնք բարելավում են բնակչության կենսապայմանները, աջակցում տնտեսական աճին և պաշտպանում մոլորակը: 2015 թվականին ԶՖԳ-ն 8,3 միլիարդ եվրո է տրամադրել զարգացող երկրների զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը և հօգուտ Անդրծովյան  երկրների:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930