Լրահոս
Օրվա լրահոսը

Զառա Բաթոյան. «Հստակ չէ հաշմանդամության սահմանումը»

Նոյեմբեր 30,2016 18:20

«Հայաստանում ոչ թե օրենքների եւ նախագծերի հետ է կապված խնդիրը, այլ դրանց իրականացման հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» նախագահ Զառա Բաթոյանը՝ անդրադառնալով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծին:

Նա նշեց, որ այս պահին գործում է «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության օրենքը», որը վատ օրենք չէ, եւ եթե այն լավ իրականացվի, բավականին շատ հարցեր կլուծվեն. «Հարցն այլ է: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսակետից՝ որպես իրավունքի վրա հիմնված նախագիծ, որպես այդպիսին, մենք չունենք: Եվ այս նախագիծը իրականում պարտադրում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայով, որովհետեւ մենք արդեն 2010 թվականից վավերացրել ենք կոնվենցիան եւ կոնվենցիային համապատասխան իրավունքի վրա հիմնված օրենք, նախագիծ չունենք»:

Զառա Բաթոյանի կարծիքով՝ բազմաթիվ խնդիրներ կան դեռեւս, եւ շատ առաջարկներ եղել են տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, որոնց մի մասը հաշվի առնվել է. «Մենք կարծում ենք, որ հստակ չէ սահմանումը, թե ինչ ասել է հաշմանդամություն: Մյուսը՝ կապված է հաշմանդամության ճանաչման հետ: Այս օրենքը շատ ավելի բարդ եւ ծանրացրած է, եւ մենք չենք կարծում, որ դա օրենքով լուծվող հարց է, որովհետեւ այս պահին կառավարության որոշմամբ է դա իրականացվում, եւ եթե, օրինակ, հաշմանդամության ճանաչման ձեւերը, մեխանիզմները փոխվեն, ապա մենք ստիպված ենք լինելու օրենքը փոխել: Այնինչ կարելի է պարզապես կառավարության որոշումը փոխել, այսինքն՝ մենք ավելի բարդացնում ենք գործընթացը»:

Ըստ նրա, նախագծի որոշ կետեր խտրականություն են պարունակում. «Երբ խոսվում է տրանսպորտի մատչելիության մասին, այստեղ նշվում է նվազագույն պայմանները ապահովելու մասին: Օրենքը չի կարող այդպիսի բան սահմանել, օրենքը պետք է ասի՝ տրանսպորտային միջոցները պետք է մատչելի լինեն բոլորի համար: Նվազագույն չափը ո՞րն է, մեկ ավտոբո՞ւս: Օրենքը չի կարող տարբերակումներ դնել՝ նվազագույն, առավելագույն: Շատ քիչ է խոսվում ծառայությունների մատչելիության մասին»:

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930