ՀՀԿ-ն կանոնադրությունից բացի փոփոխություն է կատարել նաև իր ծրագրում: Իհարկե, նախկին ծրագրի համեմատ որոշ կետեր հանվել՝ նորերն են ավելացել, սակայն չի փոխվել կուսակցության` ազգային պահպանողական լինելու դրույթը, որը, ինչպես նախկին, այնպես էլ փոփոխված ծրագրում հիմնարար է:
Ինչպես նախկին, այնպես էլ փոփոխված ծրագրում իշխող կուսակցությունը մի քանի անգամ հղում է կատարում Աստծուն` միայն այն փոփոխությամբ, որ նորացված ծրագրում «Աստված» բառը որոշ դեպքերում փոխարինվել է «Արարիչ»-ով: ՀՀԿ ներկայիս ծրագրում ամրագրված է. «Աստծո կամոք մենք արարվել ենք որպես հայեր, հետևապես` մեր և Արարչի միջև հարատև կապն ապահովվում է Հայ տեսակը հավիտենականացնելու ճանապարհով: Այս ելակետն ունենալով` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեր պատմության հեթանոսական և քրիստոնեական ժամանակաշրջաններն արժևորում է ազգայինի առաջնայնության սկզբունքով»:
Իշխող կուսակցության փոփոխված ծրագրում առավել շեշտված է հեղափոխականության մերժումը: Փոփոխված ծրագրում ավելացել է մի կետ, որը նախկինում չկար: Մասնավորապես նոր ծրագրով ամրագրված է. «Պահպանողականությունը մերժում է հեղափոխականությունը, քանզի այն խախտում է հասարակական կյանքի բնականոն զարգացման ընթացքը: Ըստ այդմ, պահպանողականության խնդիրն է՝ համարժեք բարեփոխումների միջոցով կանխել հեղափոխական իրավիճակները»:
Հասարակական արժեհամակարգի արդիականացման կետի վերաբերյալ որոշ վերապահում է նկատվում ՀՀԿ-ի փոփոխված ու թարմացված ծրագրում: Նախկին ծրագրում հասարակական բարեփոխումների վերաբերյալ կետը ձևակերպված էր այսպես. «Ցանկացած բարեփոխում պետք է համապատասխանի հասարակության ավանդական արժեհամակարգին` ուղղված լինելով դրա արդիականացմանը»:
Նոր տարբերակում այդ կետում վերապահում է մտցված. արժեհամակարգի արդիականացման վերաբերյալ նշված է ըստ անհրաժեշտության պայմանը:
Եթե ՀՀԿ-ի նախկին ծրագրում որևէ անդրադարձ չկար կնոջ և տղամարդու հավասար իրավունքներին, ապա փոփոխված ծրագրում հատուկ կետով սահմանվում է. «Տղամարդն ու կինը հավասար են Աստծո և պետության առջև, ունեն միևնույն իրավունքները, և այս սկզբունքը պետք է արտացոլվի պետության գործունեության բոլոր ուղղություններում»:
Իշխող կուսակցության փոփոխված ծրագրում ավելացվել է այն կետը, որով սահմանվում է, որ «բոլորը պետք է ունենան հավասար հնարավորություններ, որոնք լավագույնս կբացահայտվեն և կիրագործվեն արդարության պայմաններում, անձնական, ընտանեկան և հանրային բարիք ստեղծելու մղումով և համերաշխության մշակույթի ներքո»:
Բազմակարծության ապահովման դրույթը, ի տարբերություն նախորդ ծրագրի, ևս ավելացել է ՀՀԿ նոր ծրագրում: Ամրագրված է հետևյալը. «Բազմակարծության, քաղաքական ազատությունների, մրցակցային հավասար պայմանների, մտքի, խոսքի, խղճի ազատության լիարժեք կենսագործումն այլընտրանք չունի»:
Հանրապետականներն իրենց ծրագրում հատուկ ամրագրել են նաև ՀՀ ցանկացած քաղաքացու ձայնի լսելիության իրավունքը, ինչը չկար նախորդ ծրագրում: Ծրագրային դրույթները եզրափակվում են հետևյալով. «Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լինի լսելի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ