Սուրեն Կարայանն ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնին
Նոյեմբերի 30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնի և Լիբանանի համայնքի ներկայացուցիչների հետ:
Դեսպան Ժան Մաքարոնն իր ներածական խոսքում ողջունել է նախարարության բարեփոխումները և ՀՀ կառավարության ակտիվ տնտեսական դիմագիծը: Դեսպանը ներկայացրել է Հայաստանում լիբանանյան ներդրողների հետաքրքրությունների շրջանակը, մասնավորապես նշելով հետևյալ ոլորտները` սուրճի, քաղցրավենիքի արտադրություն, զբոսաշրջություն, աղբահանություն և գյուղատնտեսություն: Լիբանանի դեսպանը նախարարին հայտնել է, որ Հայաստանում գործող լիբանանյան ընկերությունները ՀՀ քաղաքացիներին ապահովում են 3000-4000 աշխատատեղերով: Ժան Մաքարոնը հավելել է, որ շահագրգռված է աշխուժացնելու Լիբանանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցությունը:
Նախարար Սուրեն Կարայանը լսել է լիբանանյան ներդրողներին հուզող խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են հարկային և մաքսային ոլորտներին: Նա նշել է, որ նոր Կառավարության քաղաքականությունն է` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում նվազեցնել հսկիչ գները: Նախարարը հորդորել է գործարարներին նման խոչընդոտների բախվելու դեպքում դիմել նախարարություն:
Կարդացեք նաև
Սուրեն Կարայանը հանձնարարել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամին մշտապես կապի մեջ լինել Լիբանանի համայնքի խորհրդի հետ` իրազեկվելու վերջիններիս խնդիրների վերաբերյալ:
Նախարարը վստահեցրել է, որ նախարարությունը կանի առավելագույնը, որպեսզի լիբանանցի գործարարների համար Հայաստանի գործարար միջավայրը լինի առավել հարմարավետ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Ժան Մաքարոնին հանդիպման համար և հույս հայտնել, որ լիբանանյան ներդրումների ներուժը լավագույնս կիրացվի Հայաստանում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն