«Ազատամարտիկների դաշինքը» այսօրվա նիստում անցկացրեց կառավարման համակարգի ընտրություններ: Ազատամարտիկներն ընտրեցին նոր վարչության կազմը, կառավարման խորհրդի նոր անդամներին: Դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Ռազմիկ Պետրոսյանը Aravot.am-ին ասաց, որ վարչության կազմում ընդգրկվեց 23 անդամ, որից 7-ը ներգրավվեցին համակարգող խորհուրդ:
Մեր հարցին, թե Դաշինքն ունի՞ որոշում` առաջիկա ընտրություններին որ քաղաքական ուժին են սատարելու, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Առաջիկայում նիստ կգումարվի, այդ մասին կհայտարարենք: Դաշինքը չի կարող քաղաքական գործընթացներից հեռու մնալ, որովհետեւ, բոլորս գիտենք` մեր երկրի հետ կապված որոշ խնդիրներ պետք է լուծվեն քաղաքական տիրույթում, իսկ մենք չենք կարող անմասն մնալ այն ամենից, ինչ կատարվում է մեր երկրում: Այնպես որ առաջիկայում նիստ կլինի, կհրավիրենք մամուլին ու մեր դիրքորոշումը կհայտնենք: Մինչեւ այդ նիստը ոչինչ չենք կարող հրապարակել»:
Մեր հարցին, թե ազատամարտիկների Դաշինքում ինչ ներքին խնդիրներ կան, որոնց պատճառով մի շարք անդամներ վերջին շրջանում լքեցին Դաշինքը, պարոն Պետրոսյանը չհամաձայնեց, թե իրենցից հեռացողներ կան. «Մահվան կամ ազատազրկման պատճառով են Դաշինքից միայն ազատամարտիկներ հեռացել: Նախորդ խորհրդի կազմից Վլադիմիր Առաքելյանը կալանավորված է, Սամվել Հովսեփյանը մահացավ: Իրականում Դաշինքը նոր ազատամարտիկներով է համալրվում»:
Ազատամարտիկների դաշինքի հետ իր գործունեությունը վերջին ժամանակներս դադարեցրեց Ռուստամ Գասպարյանը, իսկ այսօր խորհրդի կազմը լքեց նաև Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ