ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում վերջին երկու ամիսների ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 38 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2017 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
2016թ. Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում <<Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման>> հիմնադրամի կողմից 2016 թվականի ընթացքում Սևանի իշխանի ձվադրավայր հանդիսացող հինգ հիմնական գետերում (Կարճաղբյուր, Լիճք, Ծակքար, Արգիճի, Մասրիկ) բաց է թողնվել շուրջ 921 000 Սևանի իշխանի մանրաձուկ` իշխանի գեղարքունի ենթատեսակ` 422 576 հատ և իշխանի ամառային ենթատեսակ` 498 117 հատ մանրաձուկ:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում 2016թ. նոյեմբերի 21-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն, Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվելիք երեք գերատեսչությունների (ՀՀ բնապահպանության նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան) համատեղ միջոցառումների ծրագրով նախատեսված փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ, ինչից հետո հաստատվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագիրը, որը կմեկնարկի դեկտեմբերի 1-ից:
Սևանա լճի ափամերձ հատվածի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների շրջանակներում ավարտին են մոտենում նախատեսված 93 հա տարածքի մաքրման աշխատանքները:
ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրի 47 կետի՝ 05.10.16թ. N1/05.2/12059 գրությամբ «Դիլիջան» ազգային պարկի 2016-2025 թվականների կառավարման պլանը և առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման և «Դիլիջան» ազգային պարկի 2016-2025 թվականների կառավարման պլանի միջոցառումներին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծերը ներկայացրել են ՀՀ կառավարության քննարկմանը:
ՀՀ կառավարության 6 ամսյա ծրագրի շրջանակներում «Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանը» մշակվել և քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: Այն գտնվում է վերջնական ամփոփման փուլում և մինչև տարեվերջ կներկայացվի կառավարության քննարկմանը: Նախագծի վերաբերյալ անցկացվել են նաև հանրային լսումներ:
Մշակվել է ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացն կանոնակարգող օրենսդրության տեխնիկական առաջադրանքը:
Մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի կառուցվածքային բարեփոխումների 3 փուլից բաղկացած գործողությունների ծրագիր.
-Առաջին փուլում ընդգրկված են բնապահպանական մոնիթորինգ և տեղեկատվական-վերլուծական գործառույթ իրականացնող չորս ՊՈԱԿ-ների միավորմումը:
-Երկրորդ փուլով նախատեսված է իրականացնել նախարարության կառուցվածքային միավորումների վերակազմավորում:
-Երրորդ փուլում իրականացվելու են տեսչական բարեփոխումներ և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերի փոփոխությունները:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ բնապահպանության նախարարի մոտ հոկտեմբերի 26-ին կազմակերպվել է վարչական կարգով բերված բողոքի քննարկում, որի արդյունքում նախարարի կողմից կայացվել է որոշում` անվավեր ճանաչել <<Հայր և որդի Բունիաթյաններ>> ՍՊԸ-ի նկատմամբ 610 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ 2016 թվականի օգոստոսի 5-ի որոշումը:
Ուսումնասիրվել են դեռևս 2011թ-ից անպատասխան մնացած 472 ջրի օգտագործման թույլտվությունների հայտերը` պատասխանատուների ոչ իրավաչափ վարքագծի համար համապատասխան վարույթներ հարուցելու նպատակով:
Երկու ամսվա ընթացքում բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ կազմակերպվել և անցկացվել է երկու հանրային քննարկում, որոնց ժամանակ դիտարկվել են բնապահպանության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման, ընդերքօգտագործմանը, փորձաքննական գործընթացին վերաբերող և այլ հարցեր:
Նախարարության տեսչական վերահսկողական գործառույթի շրջանակներում երկու ամսվա ընթացքում կայացվել է 52,4 մլն դրամի 142 վարչական ակտ, իսկ կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 17,83 մլն դրամ:
Միջազգային համագործակցության ոլորտում ավարտվել են նախարարության ներքո Դոնորների խորհրդի ձևավորման նախապատրաստական աշխատանքները: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ կստորագրվեն 30 մլն ԱՄՆ դոլարից ավել բնապահպանական ուղղվածության դրամաշնորհային համաձայնագրեր:
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» /«ԲԾԻԳ»/ՊՀ-ը սույն թվականի նոյեմբերի 4-ին հավատարմագրվել է որպես ՄԱԿ-ի Հարմարվորղականության հիմնադրամի 25-րդ Ազգային իրականացնող մարմնի: Հայաստանն առաջինն է Արևելյան Եվրոպայում, ում ազգային իրականացնող գործակալությանը շնորհվել է ուղղակի մուտք(Direct access)Հարմարվողականության հիմնադրամի ռեսուրսներին և կարող է ստանալ 4 մլն դրամ դրամաշնորհ:
Ուսումնասիրվել են բնապահպանության ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավման հնարավորությունները և մեխանիզմները: Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել էկոտուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Մասնավորապես առանձնացվել է առավել գրավիչ 20 բնության հուշարձան` կոնցենսիոն պայմանագրերով մասնավոր ներդրումային ծրագրերի ներքո հանձնելու համար:
ՀՀ բնապահպանության նախարարություն