Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է քաղաքական կամք դրսևորեն. Ուորլիք

Նոյեմբեր 30,2016 17:37

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է տարեվերջին, ԱՊԱ-ի հետ զրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացից և դրա կարգավորման հեռանկարներից:

 -Դուք 3 տարի զբաղեցրել եք ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնը: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր գործունեությունն այդ պաշտոնում: Հե՞շտ էր աշխատել կողմերի հետ: Ո՞ր կողմն էր առավել անկեղծ բանակցային գործընթացում:

-Ինձ համար մեծ պատիվ էր զբաղեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը: Ես վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հավատարիմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը, կողմերից ոչ մեկ պատերազմ չի ուզում: Կայուն խաղաղության հասնելու մեր բոլոր ջանքերը ուղղված են հենց դրան:

3 տարվա ընթացքում մենք Ձեզ տեսել ենք որպես ակտիվ դեսպան, որը սերտ մասնակցություն է ունենում կարգավորման գործընթացին: Կարելի՞ է ասել, որ Ձեր հեռանալու պատճառը դժգոհությունն է առ այն, որ միջնորդությունը դրական արդյունքներ չի տվել:

-Իմ հրաժարականի պատճառն անձնական է: Ես ամերիկացի դիվանագետի հաջող կարիերա եմ ունեցել և 30 տարի ծառայելուց հետո պատրաստվում եմ աշխատել մասնավոր սեկտորում:

-Ե՞րբ հայտնի կդառնա նոր դեսպանի անունը: Գալիք տարում Մինսկի խմբում կլինի երկու համանախագահ: Ինչպե՞ս դա կանդրադառնա հակամարտության կարգավորման հարցի վրա:

-Ժամանակավոր համանախագահի անունը կհայտարարվի մոտ ապագայում: Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն իրականացնել միջնորդի գործունեությունը՝ կայուն խաղաղության հասնելու համար: Ես լիովին համոզված են, որ ԱՄՆ նոր համանախագահը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ:

-Ձեր աշխատանքի ընթացքում շփման գծում մի քանի անգամ լարվածություն է առաջացել: Սակայն ամենամեծ բախումը տեղի ունեցավ ապրիլին: Այդ իրադարձությունների հետ կապված՝ Մինսկի խմբի ջանքերի ակտիվացումից հետո ադրբեջանցիների մոտ արագ կարգավորման հույս առաջացավ: Սակայն վերջին 1-2 ամիսներին գործընթացը վերադարձել է նախկին հունին: Ո՞րն է պատճառը: Ձեր կարծիքով՝ հեռու՞ է հակամարտության լուծումը, և ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը:

-Բանակցությունների սեղանին կան լավ առաջարկներ ու գաղափարներ, որոնք կարող էին հիմք ծառայել բազմակողմանի խաղաղության հասնելու համար: Ինչպես ցանկացած այլ բանակցային գործընթացում, կարծիքների որոշակի տարբերություններ կա, որոնց վրա պետք է աշխատել: Սակայն նախագահներ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը նշել են, որ հավատարիմ են խաղաղ կարգավորման ուղուն: Այս պահին մենք ամենաշատը կցանկանայինք, որպեսզի նախագահները քաղաքական կամք դրսևորեն և պարտավորություն ստանձնեն զարգացնել բանակցային գործընթացը:

Օրակարգ է մտել ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի ընդլայնման և փաստերի քննության մեխանիզմներ կիրառելու հարցերը: Կողմերը նույնպես իրենց համաձայնությունն են հայտնել դրան: Սակայն գործընթացը ձգձգվում է: Արդյոք այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվո՞ւմ են, և ի՞նչ կտա դա հակամարտության կարգավորմանը:

-20 տարի հետո ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայնումը կարևոր քայլ է՝ ճիշտ ուղղությամբ: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ նախագահները պարտավորություն են ստանձնել՝ կապված առաքելության ընդլայնման և աջակցության ցուցաբերման հետ: Մենք այժմ աշխատում են առաքելության ընդլայնման բաղադրիչների վրա: Վստահ եմ, կհասնենք դրան:

-Ադրբեջանական կողմից օրակարգ է ներառվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվն ավելացնելու, խմբի մեջ տարածաշրջանից երկրներ ներառելու հարցը: Հնարավո՞ր է դա արդյոք: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այն կարծիքը, որ գործող համանախագահների գործունեությունը գոհացուցիչ չէ:

 -Մեր խնդիրը՝ որպես միջնորդ, նախագահների միջև բանակցությունները հեշտացնելն է, որոնք կարող են նպաստել հակամարտության կարգավորմանը: Սակայն, վերջին հաշվով, որոշումը՝ առաջ կշարժվի (գործընթացը-խմբ.), թե ոչ, կախված է նախագահներից: Նախագահները պետք է կարգավորման ցանկություն դրսևորեն և աշխատեն միմյանց հետ այդ ուղղությամբ: Անկախ այն բանից՝ քանի համանախագահներ և տարածաշրջանային դերակատարներ կներգրավվեն Մինսկի խմբի ձևաչափում, այսօր սա է հիմնական իրականությունը:

-Ստացվում է, որ Համբուրգի հանդիպումը կլինի վերջինը, որին Դուք կմասնակցեք որպես համանախագահ: Ի՞նչ եք ակնկալում հանդիպումից:

-Մենք Համբուրգում ԵԱՀԿ անդամ-երկրների արտգործնախարարների հանդիպումը դիտարկում ենք որպես հնարավորություն՝ շարունակելու երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Մենք պատրաստ ենք աշխատել կողմերի հետ, որոնք կարող են ցանկացած ճանապարհով ապահովել կայուն կարգավորում:

 

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930