Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն էր տարածել, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր:
Լրագրողները Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանին խնդրեցին ներկայացնել մանրամասները:
«Բացահայտել ենք մտահոգիչ խնդիրներ: Ես հարցն արդեն քննարկել եմ կրթության նախարարի հետ: Մենք ներկայացնելու ենք նաեւ մեր նկատառումները եւ մտահոգությունները գրավոր, այնտեղ կարծում եմ պետք է հիմնարար աշխատանք տարվի: Մեզ նույնպես կրթահամալիրի սաները առանձնազրույցների ընթացքում ներկայացրել են մտահոգությունները: Մենք ավելին ենք վեր հանել խնդիրները, դրանք կներկայացվեն: Հետեւողական եմ լինելու ես, որպեսզի պահանջները կատարվեն, քանի որ այդ կրթահամալիրն առանձնահատուկ է իր գործունեության բնույթով, մշտապես պետք է հետեւել դրա աշխատանքներին: Այստեղ խախտումների վտանգն առավել մեծ է, քանի որ փակ հաստատություն է, այդ առումով պետք է մշտապես հետեւողական լինենք»,- ասաց նա :
Անդրադառնալով մտահոգիչ խնդիրներին՝ Արման Թաթոյանը առանձնացրեց վերաբերմունքը՝ արժանապատվությունը վիրավորող, անպարկեշտ արտահայտությունները. «Այն իրավիճակը, որ կա անթույլատրելի է եւ պետք է փոփոխության ենթարկվի: Ինչ վերաբերում է շատ ավելի մանրամասն հարցերին, դրանք՝ ընթացքում, քանի որ խնդիրը կապված է նաեւ երեխաների իրավունքների հետ, շատ մանրամասներ չեմ կարող հրապարակել, բայց վստահեցնում եմ՝ հետեւողական ենք լինելու»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ