Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատաժողովում քննարկվել են մասնագիտական կրթության խնդիրներն ու հեռանկարները

Նոյեմբեր 30,2016 17:07

Նոյեմբերի 30-ին Կոնգրես հյուրանոցում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից կազմակերպված «Մասնագիտական կրթությունը եւ աշխատաշուկան, խնդիրները եւ հեռանկարները» խորագրով աշխատաժողովը: Միջոցառմանը հրավիրված էին ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից եւ բուհերից, քոլեջների եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ: Աշխատաժողովի նպատակն է քննարկել մասնագիտական կրթության հեռանկարները եւ վեր հանել առկա խնդիրները:

Տեղեկացնենք, որ մասնագիտական կրթության բարեփոխումների ծրագրի շրջանակում երկու տարի առաջ Ճապոնիայում կազմակերպվել էին դասընթացներ, որոնց մասնակցել էին նաեւ ներկայացուցիչներ Հայաստանից: Այսօրվա աշխատաժողովը մասնակից երկրների կողմից այդ ծրագրի շարունակական զարգացումն է:

Նշենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովի անդամների եւ աշխատաժողովի մասնակիցների՝ մասնագիտական կրթությանն առնչվող նյութերի հիման վրա լույս է տեսել ժողովածու:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարինե Պողոսյանն ընդգծել է, որ նման միջոցառումները նպաստում են համակարգի համակողմանի ուսումնասիրմանը, խնդիրների վերհանմանը եւ դրանց լուծմանը: Նրա կարծիքով՝ մասնագիտական կրթության բարեփոխումների հարցն արդիական է թե տեղական, թե միջազգային հարթակներում. այսօր աշխատուժն աշխատաշուկայի պահանջներին համահունչ դարձնելու խնդիր կա: Նա համոզմունք է հայտնել, որ այս աշխատանքային հանդիպումը կլինի արդյունավետ թե գործնական հարցերի քննարկման, թե գործընկերային հարաբերությունների հաստատման տեսանկյունից:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը մեր երկրի եւ տնտեսության զարգացման հարցում կարեւորել է այս ոլորտի զարգացումը եւ անդրադարձել խնդիրների լուծման հարցում պետական հոգածությանը: Պատգամավորի համոզմամբ՝ փոփոխվող աշխարհում փոխվում են նաեւ մասնագիտությունները, նոր մարտահրավերներ ու պահանջներ են դրվում կրթության ոլորտի կազմակերպիչների առջեւ: Տիկին Մուրադյանը մասնագիտական կրթության արդյունավետ կազմակերպման հարցում կարեւորել է գործնական եւ տեսական գիտելիքների համադրումը, սերունդներին ժամանակի պահանջներին համահունչ գիտելիքների ու հմտությունների փոխանցումը: Բանախոսն անհրաժեշտ է համարել ՀՀ կրթության զարգացման 2015-2025 թթ. պետական ծրագրում հայրենասիրական դաստիարակության կարեւորումը:

Քննարկումների ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մասնագիտական կրթության եւ գիտության բաժնի պետ Կարեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարինա Վարդանյանը եւ մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ոլորտում իրականացված բարեփոխումներին, մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելության կարգին, նախնական մասնագիտական կրթական ծրագրով նախատեսված մասնագիտությունների ցանկին, տնօրենների հավաստագրման եւ մասնագետների վերապատրաստման գործընթացներին: Կարեւորվել է կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար բոլոր հաստատություններում համապատասխան պայմանների ապահովումը, ուսումնական հաստատություն-գործատու կապի ամրապնդումը, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների զարգացումը: Անդրադարձ է կատարվել մասնագիտական կրթական հաստատություններում գործնական եւ փորձարարական պատրաստվածությանը, գործնական դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների համալրմանը, մասնագիտացված տեխնիկական դասընթացների կազմակերպմանը եւ այլ հարցերի:

ԱԺ մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները հորդորել են ոլորտի պատասխանատուներին առաջիկայում ներկայացնել օրենսդրական կարգավորում պահանջող առաջարկներ:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930