«Մենք աշխատում ենք, որ Ռուսաստանում գործող ֆրանսիական ընկերություններն ավելի մոտիկից հետաքրքրվեն հայկական շուկայով», ասում է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն
«Ռուսաստանից հետո, Ֆրանսիան թիվ երկրորդ օտարերկրյա ներդրողն է Հայաստանում: Պետք է ընդունեմ, որ Օրանժի հեռանալը վատ տպավորություն թողեց պոտենցիալ ներդրողների վրա: Նոյեմբերի 17-ին Վեոլիայի կողմից Հայաստանի ջրամատակարարման եւ աղտոտված ջրերի մաքրման 800 միլիոն եվրո արժեքով եւ 15 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դրական ազդակ է գործարար համայնքի համար», «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Դեսպանը հավելեց նաեւ, որ` «Առեւտրատնտեսական հարաբերությունների ոլորտն ավելի դժգույն է. տարեկան 1,4% կամ 59,8 միլիոն եվրոյի առեւտրատնտեսական շրջանառություն: Այս առումով, առաջընթացի լայն հնարավորություն կա»:
«Հայաստանը բոլորովին վերջերս է անդամակցել ԵԱՏՄ-ին ասելու համար, թե այն ազդել է մեր երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների վրա: Կարծես այն առանձնապես չի խրախուսել եւ, բացառությամբ մաքսային որոշ հարցերի, չի էլ խանգարել վերջիններիս: Մենք ցանկանում ենք, որ ձեռնարկությունները հետաքրքրվեն ավելի մեծ, ընդարձակ շուկայի ընձեռած հնարավորություններով: Մենք աշխատում ենք, որ Ռուսաստանում գործող ֆրանսիական ընկերություններն ավելի մոտիկից հետաքրքրվեն հայկական շուկայով», նկատեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք դեկտեմբերի 1-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ