«Խնդիրը հենց նրանում է, որ ադրբեջանական կողմը բանակցություններին երբեք դրական ոգի չի հաղորդում, հակառակ դեպքում՝ հարցը վաղուց լուծված կլիներ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը:
Հիշեցնենք՝ վերջինս խոսելով առաջիկայում Համբուրգում նախատեսվելիք ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին՝ ասել էր՝ «կցանկանայինք լիներ դրական ոգի, բայց չի ստացվում», ըստ երեւույթին ցանկանալով ներկայացնել, թե հայկական կողմն է ոչ պատրաստակամ:
Հիշեցնենք՝ Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը կայանալու է ԵԱՀԿ արտգործնախարարների հերթական հավաքը, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Ըստ Շավարշ Քոչարյանի՝ այդ հնարավոր հանդիպումից ակնկալիքներ կլինեն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմը լինի կառուցողական: «Դա կայանում է նրանում, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Դա հող կստեղծի՝ բանակցություններում առաջընթացի համար»,-հավելեց Շավարշ Քոչարյանը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ հայկական կողմը երբեք չի խուսափում հանդիպումներից:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ