ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոյեմբերի 30-ին կազմակերպել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրինագիծը առաջնահերթ նպատակ է հետապնդում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, հատկապես՝ պրակտիկ կյանքում նրանց մասնակցությունը. «Այս առումով մենք ունենք առաջարկներ, որոնք վերաբերում են առավել արդյունավետ մասնակցությանը, ընդ որում՝ կապված երեխաների, կանանց եւ տղամարդկանց մասնակցության հետ: Դրանից բացի, հաշմանդամություն հասկացության հետ կապված կան որոշակի նկատառումներ, պետք է ճիշտ սահմանել, հստակ, միջազգային չափանիշներին համապատասխան, որպեսզի դրանից ելնելով թե՛ ենթաօրենսդրական ակտերը, թե՛ ճյուղային օրենսդրությունը լինի շատ կոնկրետ»:
Արման Թաթոյանը հավելեց, որ կոնվենցիան նախատեսում է հատուկ անկախ մարմնի ստեղծում, որը պատասխանատու կլինի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մոնիթորինգի՝ խախտումները կանխելու համար:
Օմբուդսմենը ընդգծեց, որ քննարկման արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով, դրանց հիման վրա հանրային լսումներ կկազմակերպվեն. «Հաշմանդամություն ունեցող անձինք մեր հասարակության անբաժան մասն են եղել, եւ տարբերակված մոտեցում չպետք է լինի: Այդ առումով խնդիրներ կան մատչելիության հետ կապված, խոսքը նաեւ տրանսպորտային միջոցների մասին է, որպեսզի դրանք նույնպես մատչելի լինեն: Այս օրենքը նպատակ է հետապնդում այդ հարցերը նույնպես կարգավորել: Նմանատիպ հարցերը կարգավորելուց հետո, միեւնույն է, եթե մենք պրակտիկան չփոխենք, նույն խնդիրները շարունակելու են մնալ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ