Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրամասներ վարչապետի մոտ քննարկումներից

Նոյեմբեր 30,2016 15:53

Ի՞նչ ներուժ կա այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եւ ինչպե՞ս անել, որ այդ ներուժն իրական, խոշոր տեղաշարժեր բերի Հայաստանի տնտեսության մեջ: Այս հարցերը արդեն մի քանի շաբաթ է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՏՏ ոլորտի մասնագետների քննարկման առարկա են: Հանդիպումների ընթացքում քննարկվում են եւ ռազմավարական մոտեցումներ, եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման կոնկրետ ծրագրեր:

Վերջին տարիներին, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտն, ինչպես հայտնի է, կայուն աճ է ապահովել, բայց ոլորտի մասնագետները համոզված են, որ այդ աճի տեմպերը կարող են բազմապատիկ լինել:

hayk-chobanyan

Aravot.am-ի հետ զրույցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանն ասաց, որ հիմնական գաղտնիքը կրթության ոլորտում է: «Հարցերի հարցը ոլորտում մնում է կադրերի կամ աշխատուժի հարցը: Այլ կերպ, կարելի է ասել`կրթության հարցը: Այդ էր պատճառը, որ վերջին հանդիպումն ամբողջությամբ նվիրված էր նրան, թե ի՞նչ փոփոխություններ պետք է կատարվեն կրթության տեխնոլոգիական համակարգում, որպեսզի ապահովվեն այն պահանջները, որը որ այսօր ունի արդյունաբերությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Այդ առիթով, ոլորտի մասնագետները մի քանի ուղղություններ են ներկայացրել վարչապետին, որպես ընթացիկ ծրագրեր: Մեկը վերաբերում է հանրակրթական ոլորտում կրթական ծրագրերին: Հայկ Չոբանյանը փաստում է, որ այն այսօր իրականացվում է. «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ միության կողմից իրականացվող «Արմատ» կրթական լաբորատորիաների ծրագիրն է, որն արդեն ներդրված է 166 դպրոցներում: Նպատակ կա առաջիկա երեք տարիների ընթացքում այն ներդնել բոլոր դպրոցներում`ապահովելով ոլորտի մասնագետների քառապատկումը առաջիկա հինգ տարիների ընթացքում»:

Հաջորդը`կարճաժամկետ բակալավրական նոր ծրագիրն է, որը հնարավորություն է տալու, որ երեխաները մասնագիտական կրթություն սկսեն ոչ թե 18 տարեկանից`ԲՈՒՀ-երում, այլ 15 տարեկանից`«կարճաժամկետ բակալավրիատ» կոչվող կրթական հաստատությունում: Այդ համակարգը մտնում է բոլոնյան գործընթացի մեջ եւ համարվում է դրա հինգերորդ մակարդակը:

Վարչապետի հետ խոսակցություն է գնացել նաեւ ԲՈՒՀ-երում ՏՏ եւ ՏՏ-ին հարակից մասնագիտություններով սովորողների թվի աճի խթանման եւ որակի բարձրացման մասին: «Այդ բոլոր տակտիկական հարցերի հետ կապված եղել են համապատասխան որոշումներ: Այս ծրագրերը կմտնեն կառավարության գերակա ծրագրերի մեջ եւ կառավարությունը`մեզ հետ միասին, կբանակցի համապատասխան դոնոր կազմակերպությունների հետ, որպեսզի կարողանանք գումարներ ներգրավվել այս ուղղություններով: Հիմա կրթության եւ գիտության նախարարության հետ քննարկում ենք կարճաժամկետ բակալավրական ծրագրի համար համապատասխան տարածքի հատկացման հարցը: Մեզ հանձնարարվեց, որպեսզի մինչեւ դեկտեմբերի 15-ը մշակվի եւ կառավարությանը ներկայացվի ռազմավարական փաստաթուղթ`ոլորտում իրականացվելիք փոփոխությունների վերաբերյալ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը` հավելելով, որ մինչեւ ամսի 15-ը շահագրգիռ կառույցները կզբաղվեն ռազմավարական փաստաթղթի մշակմամբ:

Մեր զրուցակիցը չի կիսում այն դիտարկումը, որ նախորդ վարչապետների հետ էլ նմանօրինակ հանդիպումներ եղան, գերակայություններ հռչակվեցին եւ դրանք մնացին թղթի վրա: «Այլ հարց, որ որոշակի գործընթացներ դանդաղ ընթացք ունեցան: Մասնավորաբար, նույն ինժեներական լաբորատորիաների ծրագրով մենք կառավարության հետ համաձայնագիր ստորագրեցինք եւ կառավարությունը ոչ միայն դպրոցներում համապատասխան տարածքներ է հատկացնում, այլ լաբորատորիաների խմբակավարների կայուն վարձատրության հարցերն է հոգում»,- ասաց Հայկ Չոբանյանը` հավելելով, որ կառավարությունները փոխվում են, իսկ իրենց ծրագրերը շարունակական են, ուստի իրենք խնդիր են դրել`ապահովել ժառանգականությունը եւ այդ ծրագրերի շարունակականությունը, որոնք սկսվել են նախորդ կառավարությունների ժամանակ, ինչպես նաեւ ուղենշել նոր ծրագրեր. «Մենք հետեւողական եւ հաստատակամ ենք լինելու, որ այս բոլոր քննարկումները լինեն ոչ միայն գործընթաց, այլ նաեւ արդյունքներ ապահովեն»:

Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ ոլորտի մասնագետները արագ առաջ գնալու ցանկություն են տեսել. «Այլապես, հանդիպումները ամենշաբաթյա ձևաչափի չէին վերածվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930