Նոյեմբերի 30-ին Մատենադարանում լրագրողների հետ հանդիպմանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանն անդրադարձավ այն հարցին, որ հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի (առավել հայտնի որպես «հաց բերող».-խմբ.) համախոհները վերջինիս թեկնածությունը ցանկանում են առաջադրել «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար:
«Ի սկզբանե մենք հասկանում էինք, որ քաղաքական պահեր կարող են լինել, նաեւ այլ հարցեր, փորձեցինք պարզ մեխանիզմ ստեղծել»,-նկատի ունենալով հավակնորդների ընտրության կարգը՝ ասաց Արման Ջիլավյանը:
Նա տեղեկացրեց, որ «Ավրորայի»մասնագետները դիտարկում են հավակնորդների բոլոր հայտերը, պատրաստում 20-30 հոգու անուն ընդգրկող ցուցակ. «Չի բացառվում, որ ովքեր առաջադրվել են՝ կարող են լինել այդ ցուցակում: Այդ 20-30 հոգին ներկայացվում են ընտրող հանձնաժողովում, որում հիմնականում Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրներ են: Նրանք երեք հավակնորդներին ընտրում են ըստ երեք չափանիշների՝ նվիրվածություն, խիզախություն, ազդեցություն»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ