Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության ուղերձը. կոչ ենք անում չգնել ապօրինի որսած և վաճառվող սիգ

Նոյեմբեր 30,2016 15:18

Դեռ  թարմ են հիշողությունները, թե ինչպես Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներին, երբ Արցախյան ազատամարտում պայքարող, տնտեսական և սոցիալական լուրջ դժվարություններին դիմակայող մեր երկրի բնակչության  սոցիալական խնդիրները մեծապես մեղմվեցին Սևանա լճի սիգի պաշարների շնորհիվ: Այն դժվարին տարիներին սիգի պաշարը,  ըստ էության,  լուծեց ռազմավարական խնդիր: Հետագա տարիներին սիգի քանակի կտրուկ նվազումը պետական լիազոր մարմինների համար հրամայական դարձրեց պաշարների պահպանմանը  և վերականգնմանն ուղղված  պարբերական գործողությունների իրականացումը: Դրանք տալիս են սպասվող արդյունքները, և այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի  ուսումնասիրություններն արձանագրել են սիգի պաշարների զգալի բարելավում, սակայն դրանք դեռևս արդյունագործական պաշարների մակարդակի չեն հասել:

Ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 25-ը և 2017 թվականի հունվարի 6-ից մինչև 20-ն ընկած ժամանակահատվածում արգելվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: ՀՀ բնապահպանության  նախարարության,  ՀՀ ոստիկանության,  ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումները,  ստորագրված համատեղ ծրագրի շրջանակներում, դեկտեմբերի 1-ից արգելքի ռեժիմի պահպանմանն ուղղված  միջոցառումներ  են իրականացնելու:

Որսի արգելքի միջոցառումները թույլ կտան Սևանա լճում ունենալ սիգի  արդյունագործական որսի չափաքանակ, ինչն առաջիկայում պետությանը հնարավորություն կտա տեղի բնակչությանը տալ արդյունագործական որսի թույլտվություն: Սա իր հերթին ապօրինի որս իրականացնողներին հնարավորություն կընձեռի հրաժարվել օրենքին հակասող անպատվաբեր գործողություններից: Մյուս կողմից էլ օրինական որսը հնարավորություն կստեղծի հստակ հաշվարկել ձկան չափաքանակը և կարգավորել այն, ինչն անհնար է ապօրինի որսի առկայության դեպքում: Որսի արգելքի այս կարճ ժամանակահատվածը նպատակ է հետապնդում տեղի բնակչության համար լուծել սոցիալական խնդիրներ` ապահովելով ձկան երկարաժամկետ արդյունագործական  որսի պաշարներ, իսկ Հանրապետության ողջ բնակչությունը հնարավորություն կունենա կայուն կերպով օգտվել Սևանի բարիքներից:

sig-1ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում Սևանա լճի հարակից համայնքների ազգաբնակչությանն արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Նմանատիպ դեպքերի հայտնաբերման դեպքում մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում չգնել ապօրինի որսած և վաճառվող սիգ, որի մի զգալի հատվածը կարող է լինել նաև նախկինում որսած և սառնարաններում պահված խմբաքանակից:

Հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին կոչ ենք անում աջակցել որսի արգելքի միջոցառումների իրականացմանը:

Ձկան ապօրինի վաճառքի և որսի յուրաքանչյուր դեպքի ականատես լինելու դեպքում, քաղաքացիներին խնդրում ենք զանգահարել ՀՀ բնապահպանության նախարարության Թեժ գիծ /հեռ. 011-818-559/ կամ ՀՀ ոստիկանություն:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930