«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ալիեւի՝ երեկ հրապարակած համատեղ հայտարարությանը, որը վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Նկատելով, որ Լուկաշենկոն եւս մատնանշել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, Ալեքսանդր Իսկանդարյանը հարցադրում արեց. «Իսկ ի՞նչ էիք սպասում, որ Լուկաշենկոն ասի Բաքվում: Երբ քաղաքական գործիչը խոսում է, ուշադրություն դարձրեք՝ ո՞վ է, որտե՞ղ է եւ ի՞նչ է ասում: Լուկաշենկոն փայլուն քաղաքական գործիչ է եւ հռետոր: Հետեւեք, թե ինչ է նա ասում ռուսների եւ չինացիների առաջ. տարբեր լուկաշենկոների կտեսնեք: Ճիշտ չէ ենթադրել, թե նա գիշերը չի քնում եւ մտածում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները կարգավորելու մասին»:
Հիշեցնենք՝ Լուկաշենկոն նաեւ վստահություն էր հայտնել, որ Բելառուսը պատրաստ է նպաստել ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով մերձավորարեւելյան ռազմական թատերաբեմում տեղի ունեցող իրադարձություններին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ տարածաշրջանի հետագա ճակատագիրը կախված է Հալեպի իրավիճակից եւ Իրաքի հյուսիսում տեղի ունեցող վերադասավորումներից. «Իրավիճակը Սիրիայի շուրջ ազդեցություն ունի նաեւ Հայաստանի վրա: Մեզ հոգեբանորեն թվում է, թե Մոսկվան ավելի մոտ է, քան Հալեպը, որ Բրյուսելն ավելի մոտ է, քան Մոսուլը, իսկ իրականում այդպես չէ»:
Ըստ Իսկանդարյանի՝ Սիրիայի հարցում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն փորձում են հավասարակշռություն հաստատել իրենց հարաբերություններում. «Փորձում են ընդհանուր լեզու գտնել, ինչը լավ է նաեւ մեզ համար: Կգտնեն թե ոչ՝ չգիտեմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ