«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 1-ին, կանխատեսվող ձյան տեղումներին զուգահեռ ընկերությունն իրականացնելու է ձնամաքրման աշխատանքներ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում՝ ապահովելով քաղաքացիների ազատ տեղաշարժը նախ և առաջ կենտրոնական փողոցներում, այնուհետև նաև երկրորդական փողոցներում և բակերում:
Բոլորովին նոր մեքենա-սարքավորումներով համալրված տեխնիկական կազմը՝ նախատեսված ձնամաքրման աշխատանքներն օպերատիվ և որակյալ կազմակերպելու համար, ինչպես նաև 400-ից ավելի աշխատակիցներ կազմ ու պատրաստ են աշխատելու ձյան տեղումների պայմաններում 24-ժամյա գրաֆիկով:
Հավելենք նաև, որ այս պահին պահեստավորված է ավելի քան 2000 տոննա աղ փողոցներն ու մայթերը մշակելու համար: Տեխնիկական աջակցության ավտոպարկը պատրաստ է սպասարկել 33-ից ավելի մեքենա-սարքավորումները 24 ժամ:
Միաժամանակ ընկերությունը հորդորում է Երևան քաղաքի բնակիչներին հնարավորության սահմաններում մասնակից լինել հատկապես բակերի ձյան մաքրման աշխատանքներին կամ պարզապես օգնել «Սանիթեքի» թիմին՝ որևէ խնդիր նկատելու դեպքում զանգահարելով թեժ գծի՝ 80-90 հեռախոսահամարին, գրելով «Սանիթեքի» պաշտոնական էջին Ֆեյսբուք սոցիալական ցանցում կամ զանգահարելով ընկերության հաղորդակցական թիմին 099 58 80 90 հեռախոսահամարով:
«Սանիթեք» ընկերությունը պարբերաբար զեկուցելու է Երևանի բնակիչներին ձնամաքրման աշխատանքների ընթացքի, ինչպես նաև որոշ փողոցներում ձնամաքրման աշխատանքների ժամային գրաֆիկի մասին:
Կարդացեք նաև
«Սանիթեք» ընկերություն