Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ստիպված ենք եղել մտնել ԵՏՄ, եղել է քաղաքական հստակ պահանջ՝ ՌԴ-ի կողմից». Ինչու ՀԱԿ-ը կողմ քվեարկեց ԵՏՄ-ին

Նոյեմբեր 30,2016 13:53
vahagn xachatryan

Մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ երբ այն ժամանակ սկսել էինք ԵՄ-ի հետ գործընկերության բանակցությունները, պետք բացատրեինք, որ չենք կարող առանց ՌԴ-ի, առանց Մաքսային միության: Դա կարելի էր հստակ ասել, որ կամ-կամ սկզբունքը չի կարելի Հայաստանի նկատմամբ կիրառել: Որովհետեւ այդ սկզբունքը կիրառելը մեզ տանելու էր դեպի ԵՏՄ:

Մեզ հետ զրույցում, խոսելով ԵՏՄ-ի ընձեռած հնարավորությունների եւ խնդիրների մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝ «Մենք, իմ համախոհներս հրապարակավ ենք ասել, որ գնահատում ենք, որ ԵՏՄ-ն աշխարհաքաղաքական ծրագիր է եղել ՀՀ-ի համար, տնտեսական չի եղել, եւ ՀՀ-ի կողմնորոշումը պետք է այդպիսին էլ լիներ: Հիմա, երբ բաց խոսում ենք այդ մասին, փորձում են մեր հակառակորդները մեզ ռուսամետության եւ արեւմտամետության մեջ գնահատել, որը սխալ է: Մեր իշխանությունները գիտեին ինչ պրոբլեմի առաջ են կանգնել, բայց դա քննարկման առարկա չէին դարձրել: Եթե քննարկեին, մենք այդպես ստորացուցիչ, այդպիսի անընդունելի վիճակի մեջ չէինք լինի, որ պետք է մի գիշերվա մեջ որոշում կայացնեինք: Մենք, փաստորեն, պատրաստ էլ չէինք ԵՏՄ մտնել, եթե պատրաստ լինեինք, մի քանի տարի առաջ այդ խոսակցությունը տանեինք, ստիպողաբար չէինք մտնի: Մենք ստիպողաբար ենք մտել: Մենք ստիպված ենք եղել մտնել, դա եղել է քաղաքական հստակ խոսակցություն, պահանջ՝ ՌԴ-ի կողմից, եւ դա էլ է հասկանալի, ի վերջո ՌԴ-ն է»:

Մեր դիտարկմանը, որ ԵՏՄ անդամակցությանը ԱԺ-ում կողմ քվեարկողներից մեկն էլ ՀԱԿ-ն էր՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Գիտեմ»: Հարցին՝ ինչո՞ւ կողմ քվեարկեցիք, այլընտրանք չունեի՞ք՝ նա պատասխանեց. «Բոլոր խնդիրները, ինչ ուներ ՀՀ-ն, ԵՏՄ-ի դեպքում դրեք, թե խնդիրները ոնց են լուծվում եւ ԵՄ-ի դեպքում»:

Նա ասաց, որ եթե տնտեսական դաշտում ենք նայում, մենք պետք է ԵՏՄ չմտնեինք. «Դրա համար եմ ասում՝ աշխարհաքաղաքական»:

Վահագն Խաչատրյանը պատմեց, թե ինչպես է եղել ԵՏՄ անդամության պարտադրանքը. «Երբ սկզբից հրաժարվեցինք ԵՏՄ անդամությունից, գնացինք ԵՄ, ասեցին՝ մենք ձեր հետ ենք, խնդիր չունենք, գալիս ենք, հետո եկավ սեպտեմբերի 3 եւ պարզվեց, որ մեր ամբողջ համարձակությունը, խիզախությունը, հնարավորությունները մինչեւ այդ էր: Երբ կանչեցին մեզ ու ասացին՝ գիտեք ինչ կա, խնդիրը սա է՝ դուք ունեք Ղարաբաղ, ունեք տրանսֆերտներ, ունեք սփյուռք: Լուծումը որն է՝ մենք ձեզ տալիս ենք հնարավորություն, Ղարաբաղում մեր դիրքորոշումը չի փոխվում, մենք ձեր՝ այստեղ անօրինական գտնվող քաղաքացիներին ապրելու կարգավիճակ ենք տալիս, ֆինանսական հոսքերի սահմանափակում չենք մտցնում եւ տալիս ենք ազատ առեւտուր անելու, աշխատելու, տեղաշարժվելու իրավունք: Հիմա դուք, որպես երկրի ղեկավար, այս ամեն ինչը պիտի նժարի վրա դնեք: Ես պարզ ասեմ, գտնում եմ, որ ինչ որոշում կայացվել է՝ ճիշտ է կայացվել՝ հանուն ՀՀ ապագայի: Մարդիկ, որոնք քաղաքական գնահատականներ են տալիս, պատրաստ եմ իրենց հետ նստելու, քննարկելու՝ առանց հայրենասիրական մեծ-մեծ ճառեր ասելու: Նստենք հաշվարկենք՝ ինչ ունեինք սեպտեմբերի 3-ից առաջ, ինչ կունենայինք մի դեպքում եւ ինչ կունենանք մյուս դեպքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930