Վաշինգտոն – Նախօրեին Միացյալ Նահանգները խոստացել է ֆինանսավորել կոնկրետ միջոցառումներ, որոնք նախատեսված են բարելավելու վստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ և օգնելու կանխել ընտրակեղծիքները հաջորդ տարվա հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) վճռականորեն խրախուսում էր ԱՄՆ կառավարությունն աջակցել այս նախաձեռնությանը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացն ամրապնդելու հարցում:
ԱՄՆ ֆինանսավորումը կաջակցի համաձայնագրերը, որ ստորագրվել են Հայաստանի կառավարության և ընդդիմադիր երեք առաջատար կուսակցությունների միջև՝ 2017թ. ապրիլի ընտրությունների քվեարկության անցկացման վերաբերյալ: Դրամական միջոցներ կուղղվեն սարքավորումների ձեռք բերման համար, որոնք անհրաժեշտ են քվեարկության և քվեաթերթիկների հաշվման ուղիղ միացմամբ հեռարձակումների, ինչպես նաև ընտրողների ինքնության էլեկտրոնային հաստատման և ՀՀ Ընտրական օրենսգրքում այլ փոփոխությունների համար: Միացյալ Նահանգները միանում է Եվրոպական Միությանը, Միացյալ Թագավորությանը և Գերմանիային՝ տրամադրելու ֆինանսական աջակցություն՝ ուղղված առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար նոր քվեարկության գործընթացներին և սարքավորումների ձեռքբերմանը:
§Թե իշխանությունը, թե ընդդիմությունը հարգանքի են արժանի համաձայնությունը կյանքի կոչելու համար, որով Հայաստանն առանձնանում է¦, – ասել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: §Ազգային միասնականության անհրաժեշտությունը զգալիորեն վերստին ընդգծվեց Ադրբեջանի նախաձեռնած ապրիլյան պատերազմից և հրադադարի ռեժիմի ընթացիկ խախտումներից հետո, որոնցով փորձ է արվում Հայաստանին դրդել արձագանքելու¦, – շարունակել են Համագումարի համանախագահները: §Ողջունում ենք ԱՄՆ-ին և ԵՄ-ին այս նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն տրամադրելու համար՝ օժանդակելու Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանը: Մենք անկուսակցական ենք և՛ ամերիկյան, և՛ հայկական համատեքստերում, բայց այսօրինակ աջակցությունը՝ բարելավելու վստահությունը ժողովրդավարական գործընթացում, ծառայում է մեզ բոլորիս¦, – նրանք եզրափակեցին:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հայտարարությունում ասվում է. §ԱՄՆ կառավարությունը ողջունում է ՀՀ կառավարության և խորհրդարանական քաղաքական խմբակցությունների միջև հայաստանյան ընտրական գործընթացների անաչառության ու վստահարժանության ամրապնդման հարցի շուրջ հունիսին և սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունները, որում ներդրում են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները¦:
Կարդացեք նաև
§ԱՄՆ դեսպանատունը միջազգային դոնոր գործընկերների հետ, որոնք բոլորն աշխատում են Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի հետ համատեղ, կօգնի ֆինանսավորել ՀՀ կառավարության, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության ջանքերն՝ ուղղված Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդմանը՝ քվեարկության օրն ընտրողների նույնականացման և ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման միջոցով, ինչպես ամենը սահմանված է հունիսի և սեպտեմբերի համաձայնություններով¦, – հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Ամերիկայի հայկական համագումար