Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ ամուսինը վախենալով քարը նետել է մեքենայի ուղղությամբ, բայց դա պատճառ չէ, որ 5-10 տարով դատեն ». կալանավորված սարիթաղցու կին

Նոյեմբեր 30,2016 12:54

Հուլիսյան իրադարձություններին Սարի թաղում կալանավորված քաղաքացիների դատական գործերը տեղից չեն շարժվում:

Այժմ կա կալանավորված 9 սարիթաղցի: Ըստ նրանց հարազատների՝ դատավորները միտումնավոր անում են այնպես, որ դատական գործերը հետաձգվեն: Կալանավորվածների հարազատները հույս ունեն ու խնդրում են, որ տղաներն Ամանորին լինեն իրենց հետ:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Սարի թաղի բնակիչ Հարություն Թորոսյանի եղբայր Թորոս Թորոսյանը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ուշադրությունը հրավիրեց այս փաստին: Նա տեղեկացրեց, որ հուլիսյան դեպքերից հետո 3-4 սարիթաղցի էլ գտնվում է հետախուզման մեջ: Նա վստահեցրեց, որ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասը, որով մեղադրվում են սարիթաղցի տղաները, չի համապատասխանում իրենց կատարած արարքին. «Նրանց իրավունքները ոտնահարված են, վախեցնելու համար նրանց վրա դրել են այս հոդվածը՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել, կառավարական զորքերին դիմադրել: Նման բան չի եղել, տղաները խնդրել ու պահանջել են, որ ճանապարհը բացեն, որ մարդիկ կարողանան տեղաշարժվել: Ուր գնում ենք, բոլորն ասում են, որ իրավասու չեն այս հարցին լուծում տալ, բայց մեր գործը տեղից չի շարժվում: Նրանց տվեք իրենց սահմանված պատիժը թող կրեն, ոչ թե նրանց հոգեկանի հետ խաղան ու տանեն-բերեն»:

Պարոն Թորոսյանը վստահեցրեց, որ իր եղբայրն ընդամենը մեկ քար է շպրտել, բայց ոստիկանները որևէ վնասվածք չեն ստացել:

Կալանավորված անձանց հարազատները հայտնեցին, որ որևէ ոստիկան բողոք չի ներկայացրել:

Սարի թաղի բնակիչ Էդուարդ Զեյթունյանի կին Լալա Բեռնեցյանը հավաստիացրեց, որ իր ամուսինը մեղք չի ունեցել ու վրդովվեց, թե ինչու են իրեն գործում ներգրավել որպես վկա, անգամ դեպքի վայրում ինքը չի եղել. «Չկա փորձագետի եզրակացություն, այնինչ նրա բազում հատվածներում հարվածներ են եղել, նրան առերեսում չի եղել, ոչ մի ոստիկան ցուցմունք չի տվել տղաների դեմ, սակայն 3-րդ ամիսն է՝ նա անազատության մեջ է ապօրինաբար»:

Տիկին Բեռնեցյանը վրդովվեց, որ միտումնավոր իր ամուսնու գործով արդեն 6-րդ դատական նիստն է հետաձգվում ու կասկածներ հայտնեց, որ սա քաղաքական պատվեր է. «Անհիմն կալանավորել են ինը հոգու: Տեսանյութերում երևում է, որ իմ ամուսինը ընդհանրապես ոչ մի գործողություն չի կատարել, մինչդեռ նրան մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Որևէ տուժած չկա, ոչ մի բողոք չկա»:

Սարի թաղի բնակիչ Հրաչ Բոյաջյանի կին Նարինե Ղազարյանի բնութագրմամբ՝ կալանավորված տղաների հանդեպ անհատական վրեժխնդրություն է ցուցաբերվում. «Մենք ըստ կադրերի մանրակրկիտ դիտել ենք, այնտեղ ոչ մի տուժած ոստիկան չի երևում: Իմ ամուսինը վախենալով քարը նետել է մեքենայի ուղղությամբ, բայց դա պատճառ չէ, որ 5-10 տարով դատեն: Տեսանյութերում երևում է ոստիկանի հայհոյելը, օդ կրակելը, բայց նրանք այդ կադրերը չեն նայում, միայն վերջին հատվածներն են դիտում: Մինչդեռ ամեն օր երեխաներս հարցնում են, ո՞ւր է մեր հայրիկը»:

Սարի թաղի բնակիչ Արման Ադամյանի մայր Անուշ Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ իր թոռնիկը հրաժարվում է դպրոց գնալ, քանի որ դասարանի երեխաները ծիծաղում են նրա վրա, ինչ է՝ թե մայրը հրապարակում հարցազրույց է տվել ամուսնու մասին. «Այժմ և՛ սոցիալական ծանր պայմաններում ենք, և՛ հոգեկան: Իմ խնամքի տակ են թոռնիկներս, միայն տղաս էր աշխատում: Մինչև նախագահի դուռն էլ պիտի գնամ, պիտի խնդրեմ, որ որդուս ազատ արձակեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930