Երեւանում կա շուրջ 300 հազար ավտոմեքենա եւ, անշուշտ, մեքենաների այդ ահռելի հոսքի անխցան ընթացքն ապահովելը եթե նույնիսկ հնարավոր է, ապա շատ դժվար է ու թանկ։
Այնուամենայնիվ, Երեւանի քաղաքապետարանը բուռն կերպով կառուցում է նոր ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, անցումներ եւ այլն… Առաջին հայացքից գործողությունները քիչ թե շատ ճիշտ ուղղությամբ են։
Մի կողմ թողնելով այն, որ մայրաքաղաքում ճանապարհներն ու հանգույցները հաճախ կառուցվում են անգրագետ ու անուղղելի կիքսերով, փորձենք հասկանալ, թե արդյոք դա՞ է խցանումների հարցի ու քաղաքացիների տեղափոխման հեշտացման ճիշտ լուծումը։
Խցանումների դեմ պայքարն ունի շատ ավելի մատչելի ու երկարաժամկետ լուծում, անել այնպես, որ մարդիկ թողնեն իրենց մեքենաները տանը (կամ ընդհանրապես մեքենա չգնեն) ու երթեւեկեն հանրային տրանսպորտով։ Անշուշտ, մեքենա ունեցողների մեծ մասին դժվար է համոզել, որ երթուղայինում ողնաշար ծռելով երթեւեկեն կամ տանից սովորականից մեկ ժամ շուտ դուրս գան, որ կանգառներում ժամեր անցկացնելով՝ կարողանան երթուղային նստել։
Կարդացեք նաև
Սա թերեւս նշանակում է, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է սկսեն հանրային տրանսպորտի ցանցի բարելավումից: Հանրային տրանսպորտը պետք է լինի արագ ու հարմար: Եվ Երեւանում դեռ կա տրանսպորտի մի տեսակ, որը ե՛ւ արագ է, ե՛ւ չի ոտնահարում ուղեւորի արժանապատվությունը… ավելին, ձմռանն այնտեղ տաք է, ամռանը՝ հով։ Խոսքը, իհարկե, մետրոյի մասին է։
Մետրոն, որ աշխարհի համարյա բոլոր միլիոնանոց քաղաքներում իր վրա է վերցնում ուղեւորափոխադրումների մեծ մասը, Երեւանում ունի ընդամենը մեկ գիծ, 10 կանգառ եւ սպասարկում է ուղեւորահոսքի 3-5 տոկոսը։
Այսպիսով, եթե ընդլայնվի մետրոպոլիտենի ցանցը, ապա մարդիկ իրոք ցանկություն կունենան խնայելու իրենց նյարդերն ու բենզինի վրա ծախսվող գումարները եւ կերթեւեկեն մետրոյով (աշխարհի բազում քաղաքների փորձը ակներեւ է)։ Հետեւաբար, կպակասեն խցանումները, կնվազի նոր ճանապարհներ կառուցելու անհրաժեշտությունը ու դրանց վրա ծախսվող գումարները։
Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում