Եթե ես սխալվեմ եւ արտասանեմ «գենդեր» բառը, դա կնշանակի, որ ես «գրանտ եմ կպցրել» եւ դրդում եմ ամբողջ հայ ժողովրդին դառնալ միասեռական: Եթե լեզուս սայթաքի եւ արտաբերի «ընտանեկան բռնություն» բառակապակցությունը, ուրեմն ես միացել եմ հայ ժողովրդի դեմ հյուսված «հուդա-մասոնական դավադրությանը» եւ ցանկանում եմ քանդել բոլոր հայ ընտանիքները, մասնավորապես՝ ուզում եմ, որ հայ երեխաներին խլեն իրենց ծնողներից:
Բայց եկեք մի պահ վերանանք «եվրոպաներից» եւ դրամաշնորհներից ու պատասխանենք մի պարզ հարցի՝ ընտանեկան բռնությունը ճի՞շտ բան է, թե՞ սխալ: Ինձ թվում է՝ դա սխալ է. նախեւառաջ այն պատճառով, որ մարդու սոցիալական ընկալումները ծնված օրվանից սկսած (եւ նույնիսկ ծնվելուց առաջ) ձեւավորվում են ընտանիքում: Ոչ միայն ֆիզիկական բռնությունը, ծեծուջարդը՝ ցանկացած կոպիտ խոսք, ցանկացած ոչ բարյացակամ հայացք մի վերք է, որը մենք հասցնում ենք երեխային: Իսկ եթե մենք ձեռք ենք բարձրացնում կամ գոռում ենք երեխայի վրա՝ դա ուղիղ ճանապարհ է մեր զավակների մոտ հոգեկան խնդիրներ ստեղծելու համար: Մենք իբր «դաստիարակում ենք», բայց իրականում նման ճղճիմ մեթոդներով փորձում ենք «մեր սիրտը հովացնել», փախչել մեր սեփական խնդիրներից:
Ընտանեկան բռնությունը, ինչպես եւ ցանկացած այլ բռնություն, հիմնված է մարդու այն սին համոզմունքի վրա, որ նա ուժեղ է, եթե կարողանում է ուրիշներին ստիպել վարվել այնպես, ինչպես որ իրենք (այդ ուրիշները) չեն ուզում, իսկ ինքը (ստիպողը) ցանկանում է: Որովհետեւ նա գիտի, թե ինչն է ուրիշների համար ճիշտը եւ լավը, իսկ ուրիշները չգիտեն: Այսինքն՝ բռնություն կիրառողը դա անում է իբր իր զոհերի «շահերից ելնելով»:
Մաքսիմիլյան Վոլոշինը գրում էր. «Երբ մարդկանց ցանկանում են դարձնել բարի եւ իմաստուն, հանդուրժող եւ ազնվական, ապա անպայման գալիս են նրանց բոլորին սպանելու մտքին: Ռոբեսպիերը հավատում էր առաքինությանը եւ ստեղծեց Տեռորը: Մարատը հավատում էր արդարությանը, ուստիեւ պահանջում էր գլխատել 200 հազար մարդու»: Այնպես որ՝ «ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում» կարգախոսը՝ համեմված հայրական կամ մայրական ապտակներով, երեսպաշտ է եւ ցինիկ:
Եթե առավել «քյարթու» մեր հայրենակիցները գտնում են, որ իրենք իրավունք ունեն դիմելու ընտանեկան բռնությունների (կրկնեմ՝ ոչ միայն ֆիզիկական), որ դա իրենց անձնական գործն է, կամ՝ որ դա «հին հայկական ավանդույթ» է, ուրեմն այստեղ պետությունն անելիք ունի: Մեր պետությունը կայացած չէ, աղքատ է, մեր չինովնիկները «նավսից թույլ են» (փողի իմաստով): Ո՞ւր էր, թե մեր պետական մարմիններն իսկապես կարողանային արդյունավետ ձեւով պաշտպանել երեխաներին՝ հատկապես այն ընտանիքներում, որտեղ կան նաեւ սոցիալական խնդիրներ: Բայց պետության թուլությունը որեւէ ձեւով չի արդարացնում բռնության մշակույթը, որն ինչ-որ «հերոսական տեսք» է ստանում որոշակի սահմանափակ ուղեղներում:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Էս “Մաքսիմիլյան Վոլոշին, Ռոբեսպիեր ու Մարատ”-ը ժանգոտ խարտոցով ծակված Ջունգլի մասին է՞: Ամեն ինչի մեջ էլ կարելի է դրական բան գտնել: Օրինակ`լեզվի հարստացում: Կարելի է նոր բայ ներմուծել` “ջունգլել”: Եվ ասել,- “Օթելլոն ջունգլեց Դեզդեմոնային”: Մի բանն է վատ, որ Ջունգլինեն Ջունգլից երկու ջունգլիկ է բերել: Այ որ սրանք սկսեցին ջունգլել-երկրի վիճակը լրիվ ջունգլ կլինի: Էդ Մաքսիմիլյան Վոլոշինը տենաս ո՞վ ա, հայ ա, անունն էլ Վալոշի՞ն:
Գլխաւոր պատճառը այն է որ մեր պետութիւնը չունի տակաւին այն կարեւոր հասունութիւնը որ հասնի նաեւ ընտանեկան հարցերուն միջամուխ ըլլալու, երիտասարդ պետութիւն է -ցորենն ու յարդը իրար խառնուած են- խօսարանի բնակչութիւնը կարիք ունի զտուելու հասարակաց յայտարարի մը հասնելու համար-միայն այն ատեն կարելի է ընտանեկան քաղաքականութիւն մշակել;