Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը գաղութային կայսրություն է»

Նոյեմբեր 30,2016 12:00

Ըստ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուի` ՌԴ-ն մեծ խնդիրներ է տեսնում նրանում, որ կորցրել է վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ, որոնք ժամանակին գրավել էր, եւ հիմա նա կորցնում է նրանց հանդեպ վերահսկողությունը:

– Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանում՝ ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի Վարժանքների ու գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) տարածքում վերջերս կայացավ «ՆԱՏՕ-Վրաստան-2016» վարժանքները: Համատեղ վարժանքների գլխավոր նպատակը Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի զինված ուժերի փոխհամատեղելիության ապահովումն էր, սակայն այս իրադարձությունն արժանացավ Մոսկվայի կոշտ գնահատականներին: Ռուսաստանի ԱԳՆ-ն ուղղակի հայտարարեց, որ ՌԴ-ն նման ակտիվությունը դիտարկում է որպես լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության եւ խաղաղության համար։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվեց, որ «զորավարժությունները բարդացնում են ռուս-վրացական հարաբերությունների առողջացման դրական գործընթացը»։ ՌԴ-ն այսօր բավական տպավորիչ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, Հայաստանը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի անդամ է, ակնհայտ է ՌԴ ազդեցության մեծացումը մեր տարածաշրջանում: Այս պայմաններում ՆԱՏՕ-ն դիտարկո՞ւմ է Մոսկվայի քաղաքականությունը Հարավային Կովկասում ազդեցության մեծացման տեսանկյունից:

– Այն փաստը, որ Ռուսաստանը համարում է, որ 50 չզինված սպաներ գտնվում են այդ տարածքում, եւ դա իր համար «սպառնալիք» է, ուրեմն մենք բոլորս պետք է հպարտ լինենք՝ մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 40 կիլոմետր հեռավորությամբ իրենք ունեն 5 հազար զինված ուժեր, որոնք, եթե չեմ սխալվում, զինված են ականանետներով:

Ռուսաստանի տեսանկյունից կապ չունի, թե ՆԱՏՕ-ն ինչ է անում, պարզապես դրա վերաբերյալ կա հիստերիա, եւ այդ վարժանքը, որից նրանք այդքան մտահոգվել էին, այդտեղ իրականում ընդամենը 200 հոգի էին, որոնք նստած էին համակարգիչների առջեւ: Խնդիրն այն է, որ այդ սպաները սովորում էին, թե ինչպես պետք է գործողություններ անել բազմազգ կենտրոնակայաններում՝ ի հակադրություն ռուսական վարժանքների, որոնք տեղի են ունենում Աբխազիայում եւ Հարավային Կովկասում` ներգրավելով տասնյակ հազարավոր զինվորների, ինչպես նաեւ հրետանի եւ հրթիռային համակարգեր:
Դաշնակիցների շրջանում կա մտահոգություն Ռուսաստանի դիրքորոշման եւ Ռուսաստանի վարժանքների վերաբերյալ, եւ այն արդեն բացահայտ ներկայացվող դիրքորոշում է, որ նրանք փորձում են Վրաստանին ստիպել փոխել իրենց արտաքին քաղաքական ուղղությունները:

Չնայած նրան, թե ինչ են ասում ռուսները, օրինակ` ի՞նչ տարբերություն կլիներ, եթե Վրաստանն անդամակցեր ՆԱՏՕ-ին, ասենք թե, վաղը… Ոչինչ էլ չէր լինի, ոչ մի տարբերություն: Նույն վրացական բանակը նստած էր լինելու նույն տեղում: Միակ տարբերությունն այն կլիներ, որ նրանք կունենային ՆԱՏՕ-ի կանոնադրության հոդված 5-ի պաշտպանությունը, երաշխիքը, համաձայն որի՝ եթե Ռուսաստանը որոշեր Վրաստանի վրա հարձակվել, ապա մնացած 28 երկրները կգային պաշտպանելու Վրաստանին:
Իրական բարդությունը ընկալման մեջ է, որ կա Եվրոպայի եւ Մոսկվայի միջեւ, թե` ինչ է իրականում ՆԱՏՕ-ն եւ ինչ է ազգային անվտանգության նրանց ընկալումը: Առանձին դաշնակից երկրների համար՝ մասնավորապես, փոքր երկրների համար, ինչպես, օրինակ, բալթյան պետություններն են, այս երաշխիքը կարեւոր է այնքանով, որքանով Ռուսաստանը չի կարող նրանց ստիպել, որպեսզի նրանք անեն այն, ինչ Ռուսաստանն է ուզում, այլ անեն այն, ինչ իրենք են ուզում:

Ռուսաստանը գաղութային կայսրություն է, եւ նա շարունակում է գործել որպես գաղութային կայսրություն տարբեր միջոցներով: Իրականում դա այդքան էլ տարբեր չէ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, այլ եվրոպական երկրների գաղութային կայսրություններից, պարզապես հիմնական տարբերությունն այն է, որ ՌԴ-ի գաղութային կայսրությունը շարունակվող ցամաքային տարածքային կայսրություն է, մինչդեռ եվրոպական երկրների գաղութները գտնվում էին ծովերից այն կողմ: Ռուսաստանը մեծ խնդիրներ է տեսնում նրանում, որ կորցրել է վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ, որոնք ժամանակին գրավել էր, պատկանում էր իրեն, եւ հիմա նա կորցնում է նրանց հանդեպ վերահսկողությունը:

ՆԱՏՕ-ի մարտահրավերն այս համատեքստում այն է, որ ՆԱՏՕ-ն հնարավորություն է տալիս երկրներին այլեւս տիրապետված չլինել Ռուսաստանի եւ իրենց մեծ հարեւանի կողմից: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանի տեսանկյունից իրենց անվտանգության ընկալումն այն է, որ նրանք կարողանան վերահսկել իրենց շրջապատում գտնվող տարածքները: Երբ նրանք չեն կարողանում այդ տարածքները վերահսկել, նրանք անվտանգ չեն զգում, եւ նրանց վերահսկողության գաղափարը հենց դա էլ նշանակում է` որպեսզի նրանք կարողանան վերահսկել այդ տարածքների կառավարություններին, ղեկավարություններին, որպեսզի նշանակալի ազդեցության չափ ունենան նրանց արտաքին քաղաքականության, ազգային անվտանգության եւ այլ քաղաքական ուղղություններում որոշումների կայացման վրա: Այդ դեպքում շահերը փոխադարձ չեն: Արդյունքները, պտուղները գնում են Մոսկվա:

Տարբերությունն այն է, որ առանձին անհատական դաշնակից երկրներն իրենց շահից ելնելով են տեսնում, որ այս հավաքականության մեջ իրենց շահն է սպասարկվում, եւ նրանք ազատ են դուրս գալու երբ ցանկանան, բայց նման բան պատմության մեջ միայն մեկ անգամ է տեղի ունեցել, երբ ֆրանսիացիները դուրս եկան ՆԱՏՕ-ից, բայց միայն ռազմական բաղադրիչից, որովհետեւ նրանք ցանկանում էին ունենալ քաղաքական ազդեցություն, բայց հետո նրանք հետ եկան:

– Ամեն դեպքում Ռուսաստանի քայլերը կոնկրետ են: Այդ քաղաքականությունը չի՞ վերաբերվում ՆԱՏՕ-ին` որպես կառույցի, թե՞ այդ հարցը բացառապես դիտարկվում է ՆԱՏՕ-անդամ պետություններ երկկողմ հարաբերությունների մակարդակում:

– ՆԱՏՕ-ի համար մեր հարաբերություններն այս տարածաշրջանում հիմնված են առանձին երկրների հետ գործընկերության վրա: Մենք գործընկերություն ունենք Վրաստանի հետ, առանձին գործընկերություն՝ Հայաստանի հետ, առանձին գործընկերություն՝ Ադրբեջանի հետ: Մեր ներգրավվածությունն այստեղ մղվում է գործընկերների կողմից՝ կապված նրա հետ, թե ինչ են նրանք ցանկանում անել ՆԱՏՕ-ի հետ: Այսինքն՝ դա որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ` ՆԱՏՕ-ի տեսանկյունից: Առանձին գործընկերների հետ տեսանկյունից նրանց հայացքները կարող են տարբեր լինել, եւ իրենց ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի հետ կարող է կապված լինել իրենց հարաբերությունների եւ Ռուսաստանի հետ: Իհարկե, Վրաստանի դեպքում հենց այդպես է` խնդիր է, վրացիները տեսնում են Ռուսաստանը որպես վտանգ: Դա բխում է նաեւ նրանից, որ վրացիները ցանկանում են վտանգված չլինել Ռուսաստանի կողմից եւ ունենալ դաշնակիցներ, որոնք կաջակցեն իրենց այս հարցում:
Հայաստանի հետ հարաբերություններն էլ կախված են նրանից, թե Հայաստանն ինչ է ցանկանում անել ՆԱՏՕ-ի հետ, դա կապված է վարժանքների, սպայական կազմի կրթության հետ, կապված Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելությունների հետ, որտեղ համագործակցում ենք Հայաստանի հետ, եւ որտեղ Հայաստանը զորքեր է տրամադրում խաղաղ գործողությունների համար: Իհարկե, սա նաեւ քաղաքական հարթակ է Հայաստանի համար՝ կապված այն խնդիրների հետ, որոնք Հայաստանը կցանկանար քննարկել դաշնակից երկրների հետ:

Ադրբեջանի հետ հարաբերությունները եւս նման են Հայաստանի հետ հարաբերություններին, որտեղ եւս վարժանքների, ռազմական կրթության բաղադրիչն է, ինչպես նաեւ քաղաքական հարթակի առկայությունն է:

Եվ նորից` ՆԱՏՕ-ի տեսանկյունից այդ հարաբերությունները կապված չեն Ռուսաստանի հետ, եւ հենց այդ պատճառով է, որ մենք կարողանում ենք ունենալ սերտ համագործակցություն Հայաստանի հետ` չնայած այն հանգամանքին, որ դուք էլ Ռուսաստանի հետ սերտ համագործակցություն ունեք, եւ ՌԴ-ն այստեղ ռուսական ռազմաբազա ունի:

– Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման հնարավորությունները ՆԱՏՕ-Թուրքիա քննարկումներում ՆԱՏՕ-ի պաշտոնյաները թուրք գործընկերների հետ երբեւէ քննարկե՞լ են առանց ԼՂ հակամարտության թեմայի՝ թեկուզ ոչ հրապարակային:

– ՆԱՏՕ-ում ես չգիտեմ որեւէ ձեւաչափ, որում քննարկվում է դաշնակից երկրի հարաբերությունը իր հարեւանի հետ, եթե այդտեղ չկա սպառնալիքի խնդիր: Ես որքանով տեղյակ եմ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից անջատ չեն քննարկվում, քանի որ դա ՆԱՏՕ-ի խնդիրը չէ: Իհարկե, քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը, որովհետեւ այդտեղ կա պատերազմի հավանականություն:

– Հայաստան-Թուրքիա սահմանը նաեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի սահմանն է, փակ սահման է: Տարիներ առաջ Հայաստան-Թուրքիա ցյուրիխյան արձանագրությունները Անկարան դրեց մի կողմ` առաջ քաշելով իր նախապայմանը: Ի՞նչ պայմաններում եք հնարավոր համարում Հայաստան-Թուրքիա շփումների վերակենդանացումը:

– Անկեղծ ասած, ՆԱՏՕ-ի գործերից շատ ենք հեռանում: Մենք չենք մտածում ՆԱՏՕ-ի հետ սահմաններ հասկացություններով, մենք խոսում ենք ՆԱՏՕ-ի առանձին անդամ երկրների սահմանների մասին: ՆԱՏՕ-ի անդամների եւ նրանց հարեւանների միջեւ հարաբերությունները սահմանվում են հենց այդ անդամների ու իրենց հարեւանների միջեւ, եւ դաշնակիցների հետ հարաբերությունները մենք հիմնականում դիտարկում ենք կայունության տեսանկյունից եւ կարծում ենք, որ բոլոր խնդիրները մեր դաշնակիցների եւ իրենց հարեւանների միջեւ պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փակ սահմանի հարցը պետք է կարգավորվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

29.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930