ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Մաս 2.
Քաղաքական կոռուպցիայի հայկական իրականությունը
Կարդացեք նաև
Հայաստանյան ընտրություններում ավելի քան երկու տասնամյակ առաջ փորձարկվեց-ներդրվեց մի արատավոր մեխանիզմ, երբ ընտրակաշառք վերցրած հերթական ընտրողն ընտրատեղամասից դուրս էր հանում չքվեարկված քվեաթերթիկը՝ այն հանձնելով հաջորդին (ցանկալի նշումով), ով էլ ընտրատեղամասում քվեարկված քվեաթերթիկը գցում էր քվեատուփի մեջ, իսկ իր չքվեարկված քվեաթերթիկը դուրս բերում ե՛ւ հանձնում հաջորդ ընտրակաշառվածին: Այդպես հնարավոր էր դառնում ե՛ւ վերահսկել ընտրակաշառվածների քվեարկությունները, ե՛ւ որոշակի թվով ցանկալի քվեներ ապահովել՝ էապես ազդելով ընտրությունների վերջնարդյունքի վրա: Հայկական ընտրակեղծարար այդ տեխնոլոգիան կոչվում է «կարուսել»:
Ժամանակի ընթացքում ընտրակեղծարար տեխնոլոգիաները Հայաստանում բազմաբնույթ դարձան, եւ քաղաքական կոռուպցիոն հսկա կարուսելն աստիճանաբար ողջ Հայաստանը վերցրեց իր արագընթաց եւ մահաբեր պտույտների մեջ: Ընտրական կոռուպցիան սկիզբ դրեց լայնածավալ եւ խորքային քաղաքական կոռուպցիայի, որի վերահաս աղետը կարող է ջարդուփշուր անել հայոց անկախ պետականությունը:
3.
Հասնել եւ անցնել Հայիթիին
Սահմանադրության հանրաքվեներով՝ դեպի քաղաքական կոռուպցիա
Հայաստանում քաղաքական կոռուպցիայի սկզբնաղբյուրը, հիմքը, առանցքը ընտրություններն են եւ հանրաքվեները, որոնք 1995թ. ի վեր պարբերաբար ուղեկցվել են՝
– ընտրողների թվի արհեստական եւ ակնհայտ ուռճացմամբ,
– կուսակցությունների եւ քաղաքական թեկնածուների համար սահմանված բարձր ընտրագրավով (հատկապես 2005թ. ԸՕ փոփոխությունների հետեւանքով), որով սոցիալական խտրականություն եւ ունեցվածքային ցենզ է սահմանվում,
– քվեարկությունների արդյունքների աղաղակող կեղծումներով,
– ընտրողներին բաժանվող ընտրակաշառքներով,
– քվեատուփերի լցոնումներով,
– ընդդիմադիր թեկնածուների հանդեպ ճնշումներով եւ սպառնալիքներով,
– բարձրագույն իշխանության հետ կուսակցությունների եւ քաղաքական թեկնածուների գործարքներով եւ պայմանավորվածություններով, որոնք էապես ուղղորդել են ընտրությունների արդյունքները,
– կառավարող կուսակցության կողմից վարչական միջոցների չարաշահմամբ,
– Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այնուհետ՝ ԿԸՀ), ընտրական այլ հանձնաժողովների անդամների բացահայտ ապօրինություններով,
– ընդդիմադիր գործիչների ձերբակալություններով,
– ընտրությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական աշխատանքների խոչընդոտումներով, բռնարարքներով, տեխնիկայի վնասմամբ,
– վստահված անձանց, անկախ դիտորդների հանդեպ կիրառվող բռնություններով,
– Սահմանադրական դատարանի (այնուհետ՝ ՍԴ) կողմից ընտրությունների արդյունքները վիճարկող թեկնածուների եւ կուսակցությունների հանդեպ խտրական, կողմնակալ վերաբերմունքով, աչառու եւ բարձրագույն իշխանության կողմից ուղղորդվող դատավարությամբ եւ որոշումներով:
Այսօրինակ հանցավոր եւ դատապարտելի իրողությունների հետեւանքով 1995թ. ի վեր Հայաստանում անհնար է դառնում իշխանությունների ձեւավորումն ընտրողների կողմից՝ ընտրությունների արդյունքում, եւ իշխանությունը փաստացի զավթում են գործող բարձրագույն իշխանությունը եւ կառավարող կուսակցությունը: Որպես հետեւանք՝
– ամրանում է ավտորիատար կառավարումը,
– էապես նվազում են իշխանությունների վերահսկման, քաղաքական որոշումների վրա ազդելու՝ հասարակության հնարավորությունները,
– սահմանափակվում են մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները,
– թուլանում են ՀՀ դիրքերը միջազգային հարաբերություններում,
– թուլանում է ՀՀ ինքնիշխանությունը, մեծանում է ՀՀ կախվածությունը ՌԴ-ից, երկիր, որը հանդես է գալիս որպես կոռումպացված վարչակարգերի աջակից:
Եվ երբ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու՝ միջազգային կառույցների ճնշումները եւ պահանջներն աճում են կամ ավելանում է կոռուպցիան նվազեցնելու համար ՀՀ-ին հատկացվող դրամաշնորհների ու վարկերի չափը, այդ ժամանակ իշխանություններն իրենք են մատնանշում քաղաքական կոռուպցիայի հայկական իրականության արատավոր առանձնահատկությունները: Այսպես: Ըստ ՀՀ կառավարության «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի»՝ «Հայաստանում ընտրական գործընթացների փորձն առանձնացնում է մի շարք հիմնական կոռուպցիոն ռիսկեր, այդ թվում. նախընտրական քարոզչությունն օրենքով արգելված աղբյուրներից ֆինանսավորելը, քարոզչություն իրականացնելու նպատակով իշխանական լիազորություններն օգտագործելը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գույքը եւ միջոցներն օգտագործելը, ընտրողների «ձայները գնելը» եւ ընտրական հանձնաժողովների կողմից ընտրակեղծիքներ կատարելը»1: Այն մտահոգությունները, որոնք ՀՀ հարափոփոխ կառավարությունները որպես ծրագիր եւ իրավիճակի գնահատում հանձնում են թղթին, գործնական քաղաքականության մեջ անտեսում են կամ խորացնում:
Ընտրական գործընթացները Հայաստանում արատավոր են, հանրության՝ վստահության իսպառ բացակայությամբ, թեպետ հանրության մի մասը այս կամ այն չափով ներգրավված է դրանցում: 2011-ին, ի պատասխան GALLUP-ի հարցի, թե «որքանո՞վ են արդար եւ ազնիվ ընտրությունները ձեր երկրում», Հայաստանում հարցվածները գնահատել էին 12՝ 100 տոկոսանոց հաշվարկով: Հայաստանից ավելի ցածր ցուցանիշ ուներ միայն Հայիթին՝ 7 տոկոս2:
2008թ. ՀՀ նախագահի աղմկահարույց ընտրություններից հետո, որի վերջերգը ազդարարվեց մարտի 1-ի արյունալի իրադարձություններով, 2009թ. Caucasus Research Resource Centers-ի կողմից իրականացված «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների հետազոտությունների»՝ հարցված ՀՀ քաղաքացիների 2/3-ի կարծիքով կոռուպցիան մեծապես կամ որոշ չափով բնորոշ է ընտրական գործընթացներին. «2009թ. ընտրական համակարգում կոռուպցիան «բարձր» եւ «շատ բարձր» է համարում հարցվածների 62 տոկոսը: ԿԸՀ-ն ընկալվում է որպես ամենակոռումպացված հաստատություն՝ 5.7 միավորով (1-7 սանդաղկում, ուր կոռումպացվածության գնահատականը հետեւյալն է՝ 1-ը՝ ոչ կոռումպացված, 7-ը՝ լիովին կոռումպացված): ԿԸՀ-ին կոռումպացվածությամբ հաջորդում են քրեակատարողական հիմնարկները՝ 5.5 եւ դատարանները 5.4 միավորներով: 2010թ. երեւանցիների 71 տոկոսը ԿԸՀ-ն համարել է «մեծապես կոռումպացված»3:
1995թ. ի վեր հայաստանյան ընտրությունները վիճահարույց են եղել միջազգային կառույցների գնահատականների համաձայն, եւ դրանց արդյունքներն անընդունելի են եղել ընտրողների մեծամասնության համար: Այսպես:
Համապետական հանրաքվեներ
1991թ. ի վեր Հայաստանում կայացել են թվով 5 համապետական հանրաքվեներ՝ 1991թ.՝ ՀՀ Անկախության հանրաքվեն, 1995թ.՝ ՀՀ Սահմանադրության, 2003, 2005, 2016թթ.՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների: Դրանցից երեքի արդյունքները կոպտորեն կեղծվել են 1995, 2005, 2015 թվականներին: Դրա վկայությունն են ընտրությունների վերահսկող միջազգային եւ տեղական դիտորդների զեկույցները, ԶԼՄ-ների հրապարակումները, հասարակության արձագանքն ընդհանրապես: Անդրադառնանք թեկուզ միայն 21-րդ դարի ՀՀ ընտրություններին եւ հանրաքվեներին:
6 դեկտեմբերի, 2015թ. – Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ հանրաքվեի դրված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծով (փաստացի՝ նոր Սահմանադրությամբ) անցում էր կատարվում խորհրդարանական կառավարման: ԿԸՀ պաշտոնական տվյալներով արձանագրվել են հետեւյալ արդյունքները՝ «Այո»՝ 825.521, «Ոչ»՝ 421.568:
ԱՄՆ Պետքարտուղարության՝ Մարդու իրավունքների զեկույց. 2015թ. Հայաստան
«Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղական եւ միջազգային դիտորդները, քաղաքացիական հասարակության անդամներն ու լրագրողները հաղորդել են բազմաթիվ ընտրախախտումների, այդ թվում` վարչական ռեսուրսների օգտագործման, բազմաքվեարկության, լցոնումների եւ պաշտոնյաների կողմից հանձնաժողովի անդամների ու դիտորդների վրա ճնշում գործադրելու մասին»4։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույց
«Ընտրատեղամասերում, որտեղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀՓԽ-ն դիտարկել է ձայների հաշվարկի ընթացքը, լուրջ խնդիրների թվում են՝ «Այո» քարոզարշավի վստահված անձանց կողմից միջամտություն եւ ահաբեկում, որոնք հանգեցրել են փաստացի քվեարկության արդյունքների փոփոխմանը: Մի ընտրատեղամասում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ՀՓԽ-ն դիտարկել է ՏԸՀ անդամների եւ ՀՀԿ-ի վստահված անձանց կողմից քվեների արդյունքների շահարկում՝ հօգուտ «Այո»-ի։ Մասնավորապես, որոշ վավեր «Ոչ» քվեաթերթիկներ անօրինական կերպով հանվել են, իսկ հետո վերադարձվել են որպես անվավեր քվեաթերթիկներ կամ դրվել են սխալ փաթեթում: Տեղական դիտորդները, ընդդիմադիր խմբերը եւ լրատվամիջոցները բարձրաձայնում էին մեղադրանքներ համատարած խախտումների, միջամտության եւ ահաբեկումների վերաբերյալ քվեարկության եւ հաշվարկի գործընթացի ընթացքում երկրի ամբողջ տարածքում»5:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ քննվել են 23 քրեական գործեր:
27 նոյեմբերի, 2005թ. – ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե
Չնայած հանրաքվեի քվեարկության զանգվածային բոյկոտին՝ ԿԸՀ-ն կոպտորեն կեղծեց թե՛ մասնակցության, թե՛ քվեարկության թվերը. ներկայացնելով՝ 93.2 տոկոս «Այո», 5.4 տոկոս՝ «Ոչ»:
ԶԼՄ-ների հրապարակումներ
«ԱԺՄ գրասենյակից հայտնեցին, որ Էրեբունի համայնքի թիվ 13/04 տեղամասի ԱԺՄ դիտորդ Էլիզա Ավետիսյանը արձանագրել է, որ ժամը 12:30-ին ընտրատեղամաս են մտել մոտ 20 մարդ եւ ստանալով արդեն կնքված պատրաստի քվեաթերթիկների տրցակը՝ միանգամից լցրել են արկղի մեջ: Է. Ավետիսյանը քվեատուփը գրկելով փորձել է կանխել, բայց նրան բռնությամբ հեռացրել են եւ մի կողմ հրել, որից հետո դիտորդը լքել է տեղամասը: Այդ ժամին ԱԺՄ դիտորդի տվյալներով, այդ տեղամասում քվեարկել էր ընդամենը 18 ընտրող»6:
«Մայրաքաղաքի թիվ 9/8 եւ 9/9 ընտրատեղամասերում մասնակիցների «պլանը» կատարվել է ի հաշիվ Մայրաքաղաքային գնդի զինվորների: Ինչ վերաբերում է քվեարկողների ակտիվությանը, ապա երկու տեղամասերի հանձնաժողովների մի քանի ընտրություն «տեսած» նախագահները միաբերան հայտնեցին, որ «…հանրաքվեին ժողովրդի մասնակցությունը այս պահի դրությամբ շուրջ 70 տոկոսով ցածր է»: Մեր այցելության պահին՝ ցերեկվա 2.20-ից 3.20-ը քվեարկողներն այնքան քիչ էին, որ ներս մտնող յուրաքանչյուրը գրավում էր բոլորի ուշադրությունը, վերջում էլ նրան շնորհակալություն էին հայտնում»7:
Պետության եւ հասարակության իրավական հարաբերությունների հիմքը հանդիսացող Սահմանադրության հանրաքվեների արդյունքների պարբերական աղաղակող կեղծումներով իշխանությունները պետականության հիմքում դրել են քաղաքական կոռուպցիան, ինչն էլ այժմ լրջորեն սասանում է պետականության հիմքերը:
Շարունակելի
* Հոդվածը՝ հատուկ www. hetq.am կայքի համար, ամբողջությամբ տեղադրվել է այնտեղ:
«Առավոտ»
29.11.2016