Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ֆեյսբուքում գրականություն կարդալը նման է գինու գործարանում խմիչք համտեսելուն»

Նոյեմբեր 30,2016 14:00

Իր ժողովածուի հանդեպ հետաքրքրությունը բանաստեղծը
չի կապում համացանցի հետ

«Գրականությունը, մասնավորապես՝ պոեզիան, քննում է մարդուն մի այլ դիտանկույնից, որտեղից մի այլ գիտություն ի զորու չէ դա ներկայացնել: Իմ պոեզիայում թեպետ պատերազմող հույզեր են, բայց համոզված եմ, որ վերջիններս ընթերցվում են խաղաղությամբ»,- «Առավոտի» հետ զրույցում սեփական տեսակետը հայտնեց երիտասարդ բանաստեղծ Արմեն Սարգսյանը, որի «Չկարդացած գրքերի փոխարեն» հավակնոտ խորագրով ժողովածուն վերջապես հրատարակվեց: Ժամանակին նա ժողովածուի տպագրության ձգձգման հետ կապված մեզ հայտնել էր, որ շուրջ մեկ տարի գրքի համար չէր գտնում համապատասխան խորագիր: Իսկ «հավակնոտ» որակման մասին բանաստեղծն ասել էր. «Մարդուն դիմավորում են հագուստով, ճանապարհում խելքով: Նույնը գիրքն է. դիմավորում ենք խորագրով ու դիզայնով, ճանապարհում բովանդակությամբ»:

Իսկ երկրորդ անգամ բանաստեղծի հետ հանդիպման պատճառը մեկն էր՝ «Չկարդացած գրքերի փոխարեն»-ի շնորհանդեսի ժամանակ վաճառվեց շուրջ 100 օրինակ: Սա մեր իրականությունում ռեկորդային ցուցանիշ է: Նշենք նաեւ, որ միջոցառմանը ներկա շատ գրքասերներ հեռացան առանց իրենց համար այդքան ցանկալի գրքի:

armen_sargsyan-2

Տեղեկացնենք, որ ժողովածուում ներառված է անվերնագիր 119 բանաստեղծություն, բացակայում է հեղինակի լուսանկարը, կենսագրությունը, ինչը սովորաբար արվում է ոչ միայն հայ, այլեւ օտարազգի շատ հեղինակների դեպքում: Այս դիտարկմանն ուներ պատասխան մեր զրուցակիցը: Արվեստագետի խոսքերով՝ արված է հնարավոր ամեն բան ընթերցողին պոեզիայից չշեղելու համար: «Ինձ համար յուրաքանչյուր բառ արժեք ունի, որոնցից կազմվում են մտքերն ու պատկերները: Բառը պոեզիայի համար նույնքան կարեւոր է, որքան, ասենք, քարը՝ քանդակագործի, ներկը՝ գեղանկարչի համար»,- հավելեց բանաստեղծը: Նշեց նաեւ, թե պոեզիան ավելի ընդհանուր է, քան մարդկության պատմությունը եւ ավելի մասնավոր, քան յուրաքանչյուր մարդու հոգեբանությունը:

Անդրադառնալով շնորհանդեսի ժամանակ ժողովածուի այդ քանակությամբ վաճառվելուն, կարծիք հայտնեցինք, թե հավանաբար նման հետաքրքրությունը պատճառ է մինչ տպագրությունը համացանցում որոշ բանաստեղծությունների տեղադրման եւ որոշ մասնագետների կողմից էլ իր պոեզիան ինտելեկտուալ որակելուն: Արմեն Սարգսյանը համակարծիք չլինելով այս դիտարկմանը՝ հակադարձեց. «Համացանցում, մասնավորապես՝ Ֆեյսբուքում, գրականություն կարդալը նման է գինու գործարանում խմիչք համտեսելուն, երբ տարբեր որակի ու համի գինիներ ես փորձում, ինչի արդյունքում գլուխդ պտտվում է, ինքնազգացողությունդ էլ վատանում… Ինչ վերաբերում է ինտելեկտուալ որակմանը, իմ պոեզիան միանշանակ այդպիսին չէ, որովհետեւ ինտելեկտուալ որակումը հավակնում է պոեզիան «գիտականացնել»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

29.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Տղա ջան, լավ չես ուսւոմնասիրել դաշտը: Շնորհանդեսներ են եղել վերջերս, որ 250 գիրք է վաճառվել: Իսկ եթե քո ծանոթները գնում են քեզնից, դա դեռ ոչինչ չի նշանակում, մանավանդ որ աշխատում ես նախարարությունում: Շահի հարց կա…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930