Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիզոն ծրագրեր ուներ Երեւանի օպերային թատրոնի հետ»

Նոյեմբեր 30,2016 13:30

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ազգային օպերային թատրոնի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանը «Առավոտ» օրաթերթին հայտնեց ոչ միայն իր, այլեւ մեր թատերարվեստի գործիչների ափսոսանքը՝ օրերս կյանքի 82-րդ տարում վրացի անվանի թատերական ռեժիսոր եւ մանկավարժ Գայոզ (Գիզո) Ջորդանիայի մահվան կապակցությամբ:

«Տաղանդավոր արվեստագետը իսկապես դառը մանկություն է ունեցել: 1936թ. սպալինյան բռնությունների զոհ են դարձել նրա ծնողները, երբ Գիզոն ընդամենը 2 տարեկան էր: Նրան ու քրոջը որդեգրել են հարազատները… Մեր յուրաքանչյուր հանդիպման ժամանակ արվեստագետը մշտապես հիշում էր դրա մասին: Իսկ դեպի թատրոն նրա սերը, ինչպես խորհրդային տարիների մեծանուն շատ արվեստագետների դեպքում, դրսեւորվել է մանկուց: Գիզոն էլ հաճախել է պիոներպալատի դրամատիկական խմբակ, ավարտել է նաեւ երաժշտական ուսումնարան, հետագայում՝ Թբիլիսիի թատերական ինստիտուտը: Իրականացրել է բեմադրություններ Ռուսթավելիի, Մարջանիշվիլիի, ինչպես նաեւ Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոններում»,- հայտնեց Կամո Հովհաննիսյանը:

gizo-jordania

Գայոզ (Գիզո) Ջորդանիա

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ խորհրդային տարիներին, երբ, իր խոսքերով՝ ավելի սերտ էին կապերը տարբեր երկրների թատրոնների եւ անհատ արվեստագետների միջեւ, Երեւանի օպերային թատրոնում Ջորդանիան բեմադրում է Օթար Թաքթաքիշվիլիի «Մինդիա» օպերան, որը երկար տարիներ թատրոնի խաղացանկում էր:
«2011թ., իհարկե, մշակույթի նախարարության հրավերով, մեր օպերային թատրոնում Գիզոն սկսեց Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայի բեմադրական աշխատանքները: Բայց առողջական վիճակը թույլ չտվեց նրան ավարտին հասցնել բեմադրական աշխատանքները: Իսկ մինչ այդ, իմ՝ տնօրեն եղած տարիներին քանիցս փոխադարձ այցելություններ են եղել մեր թատրոնների միջեւ, փորձի փոխանակում եւ այլն: Հաճախ էի կապվում Գիզոյի հետ ու մշտապես լսում նույն արտահայտությունը՝ Կամո ջան, մենք դեռ ինչե՜ր ենք անելու…»,- հիշեց պարոն Հովհաննիսյանը: Հավելեց նաեւ, թե Վրաստանում եւ արտերկրում Գ. Ջորդանիան իրականացրել է ինչպես համերկրացի կոմպոզիտորների, այնպես էլ օպերային արվեստի համաշխարհային գրականության ընտիր նմուշներ:

 

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

29.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930