ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ կանադական «Մոլինարի» լարային քառյակի համերգը:
Քառյակը իր երաժշտացանկում հատուկ ուշադրություն էր դարձրել նաեւ հայ երաժշտությանը: Համերգի ժամանակ հիմնականում հնչեց կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի ստեղծագործություններից: Պետրոս Շուժունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս քառյակը անցած տարի Մոնրեալում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կատարել է 4 հայ երգահանների գործեր, որի շնորհիվ օտարերկրյա հանդիսատեսը ծանոթացել ու բարձր է գնահատվեց այն: «2013 թվականին, երբ որ կանգնած էի Նորավանքի առջեւ ինձ վրա այն մեծ տպավորություն թողեց եւ իմ 4 քառյակները նվիրեցի Նորավանքին: Այն կատարվել եւ ձայնագրվել է «Մոլինարի»-ի կողմից:
Դրանից հետո կարիք կար գալ Հայաստան եւ այդ քառյակները այստեղ կատարել»,- նշեց ծնունդով Գյումրեցի Պետրոս Շուժունյանը, որը արդեն 40 տարի է ապրում եւ ստեղծագործում է Կանադայում: Քառյակի հիմնադիր եւ ջութակահար Օլգա Ռանզենհոֆերն էլ նշեց, որ այսօր հանդիպել են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժնի ուսանողների հետ, որից շատ տպավորված էր: Նա ասաց, որ հնարավոր է հետագայում բավականին հաջող համագործակցություն ունենան նրանց հետ:
1997 թվականին ստեղծված «Մոլինարի» լարային քառյակը իր ստեղծման օրից ստանձնել է 20-21-րդ դարերի լարային քառյակի ստեղծագործություններ կատարելու, ինչպես նաև երիտասարդ երաժիշտներին կրթելու առաքելությունը: Անվանի քառյակը արժանացել է բազմաթիվ մրցանակների: «Մոլինարի» լարային քառյակի կազմում են` ջութակահարներ Օլգա Ռանզենհոֆերը և Ֆրեդերիկ Բեդնարզը, ալտահար Ֆրեդերիկ Լամբերը և թավջութակահար Պիեռ-Ալեն Բուվրետը:
Նշենք, որ վաղը՝ նոյեմբերի 30-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կկայանա «Մոլինարի» լարային քառյակի հայաստանյան երկրորդ համերգը, իսկ մինչ համերգը վարպետության դասեր կլինեն նաեւ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ