«Խայտառակություն է ներկայացնել նոմինալ (անվանական) աճը՝ որպես ապացույց տնտեսական զարգացման: Նոմինալ աճը ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ այդ ընթացքում դրամը բավականին արժեզրկվել է»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած տնտեսական առաջանցիկ տեմպերի ու հրապարակած ցուցանիշների մասին:
Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությամբ՝ «Եթե նայում ենք ռեալ աճը, նույն ժամանակաշրջանում ՀՆԱ-ի իրական աճը եղել է 16,7 տոկոս: Բայց այդտեղ դեր է խաղացել ՀՆԱ-ի գնահատման մեթոդիկայի փոփոխությունը 2012-2013-ին, որի շնորհիվ մոտ 300 մլրդ դրամ ավելացվել է: Այսինքն, դա էլ պետք է հանել: Եթե դոլարային արտահայտությամբ հաշվենք, թե ինչքան է եղել ՀՆԱ-ն, այդ ժամանակաշրջանի սկզբում եղել է 11 մլրդ 700 մլն դոլար, հիմա դարձել է 10 մլրդ 520 մլն, այսինքն՝ 1 մլրդ 200 մլն-ով էլ կրճատվել է իր պաշտոնավարման ընթացքում: Այսինքն, այն, ինչ ինքը ներկայացնում է, որեւէ կապ չունի իրականության հետ»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ եթե համեմատում ենք Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ ՀՆԱ-ի իրական աճը՝ 16,7 տոկոսը նույն ժամանակաշրջանում Ադրբեջանում եւ Վրաստանում իրական ՀՆԱ-ի աճի հետ, ապա տեսնում ենք, որ Ադրբեջանինը կազմում է 36 տոկոս, Վրաստանինը՝ 30 տոկոսից ավելի. «Այսինքն, մենք իրականում հետ ենք մնում մեր հարեւաններից, այն էլ՝ շատ խայտառակ ձեւով: Պարզագույն մի հնարք է կիրառվել, համատեքստից եւ իրականությունից կտրված ինչ-որ թվեր են ներկայացվել: Տնտեսագիտության 1-ին կուրսի ուսանողն էլ գիտի, որ դա ֆիկցիա է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև