Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյան իր գրպանից կվճարի ավիատոմսի 10%-ից ավել գումարը

Նոյեմբեր 29,2016 21:15

Պետական աշխատողների գործուղումների համար ավիատոմսերի էլեկտրոնային գնումներում փոփոխություններ են նախատեսվում:

Կառավարության առաջիկա նիստի օրակարգում է ներառված այդ մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է որոշման մեջ լրացում կատարել՝ «Սույն կարգի 11-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերում, ինչպես նաեւ բոլոր այն դեպքերում, երբ տվյալ ուղղությամբ որոշակի նախընտրելի ավիափոխադրող ընդհանրապես չի իրականացնում ավիատոմսերի վաճառք որեւէ էլեկտրոնային հարթակի միջոցով, պատվիրատուին կամ գործուղման մեկնող անձին թույլատրվում է ձեռք բերել իր համար նախընտրելի ավիատոմսը ցանկացած անձից»:

Բայց այս թույլտվությունը տրվում է մի պայմանով՝ պատվիրատուն կարող է ֆինանսավորել  տվյալ ուղղությամբ ավիափոխադրման արժեքը ոչ ավել, քան համակարգում որոնում կատարելու արդյունքում նույն օրը եւ նույն ուղղությամբ ցանկացած այլընտրանքային չվերթով ավիափոխադրման նվազագույն արժեքով կամ նվազագույն արժեքի նկատմամբ մինչեւ 10 տոկոս տարբերություն ունեցող արժեքով:

Ընդ որում, գերազանցող տարբերությունը կարող է ֆինանսավորվել ուղեւորի անձնական միջոցների հաշվին: Նման եղանակով  ավիափոխադրում ձեռք բերելիս պատվիրատուն պետք է պատշաճ հավաքագրի եւ պահպանի անմիջապես համակարգից տպված կամ օպերատորի կողմից էլեկտրոնային փոստով ուղարկված կիրառելի գնանշումները եւ դրանք 3-րդ անձից գնված ավիատոմսի, դրա արժեքը հիմնավորող փաստաթղթերի պատճենի  հետ մեկտեղ  3 օրվա ընթացքում ուղարկի օպերատորի էլեկտրոնային հասցեով՝ ավիատոմսերի արժեքների կենտրոնացված հաշվառում կատարելու համար:

Այս փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորված է հետեւյալ կերպ՝ «Որոշ դեպքերում միջազգային սանկցիաների կիրառման, քաղաքական, տնտեսական կամ արժութային կարգավորման սահմանափակումների պատճառներով միջազգային եւ ներազգային կանոնավոր չվերթներ իրականացնող որոշ ավիափոխադրողներ իրենց կողմից ավիատոմսերի վաճառքը չեն իրականացնում որեւէ էլեկտրոնային հարթակներում, փոխարենը այդ ավիատոմսերը դուրս են գրվում թղթային տարբերակով, իսկ որոշ դեպքերում կիրառելի են նաեւ ավիատոմսերի վաճառքի վայրի եւ գործարքի արժույթի որոշակի սահմանափակումներ:

Այսինքն՝ եթե ուրեւէ պաշտոնյան գործուղման մեկնելու համար ավիատոմսերի գնման էլեկտրոնային հարթակից, ասենք՝ ԷԿԵՆԳ-ից իր ուզած ուղղությամբ ավիատոմս չգտնի, եւ դիմի իր նախընտրած ընկերությանը, որը հնարավոր է 10% ավել գնային առաջարկ ներկայացնի, ապա տվյալ պաշտոնյան իր անձնական միջոցների հաշվին, իր գրպանից պետք է վճարի տարբերությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930