Տավուշի սահմանամերձ գյուղերը գազաֆիկացված են, սակայն բնակիչները հնարավորություն չունեն երկնագույն վառելիքից օգտվելու: Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ« պետական հիմնադրամի կողմից, «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից» (IFAD)-ից ստացված վարկային միջոցներով 2014թ. Ավարտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեւան գյուղերի գազաֆիկացումը: Խորհրդային տարիներին նշված գյուղերը, բացի Ոսկեպարից, գազաֆիկացված չեն եղել:
Գյուղացիները դրամական միջոցներ չունեն, որ իրենց առանձնատներ գազատար խողովակ անցկացնելու աշխատանքների համար գազի ծառայության աշխատակիցներին վճարեն: Սահմանամերձ Բաղանիս համայնքի նախկին ղեկավար, Բաղանիսում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի լիազոր Նարեկ Սահակյանն ասաց, որ Բաղանիսում 22 առանձնատուն է գազաֆիկացվել: Ն. Սահակյանը հայտնեց, որառանձնատունը գազատարին միանալու վճարը կազմում է 80 հազար դրամ եւ ավելին՝ կախված գազատար ցանցից տվյալ տան հեռավորությունից: Ոսկեվան համայնքի նախկին ղեկավար, Ոսկեվանում Նոյեմբերյան համայնքի լիազոր ներկայացուցիչ Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ Ոսկեվանում գազաֆիկացվել է 5 տուն, եւս 11 ընտանիք դիմել է իրենց բնակարանները գազատարին միացնելու համար:
Ոսկեվանի ենթաշրջանի սահմանամերձ վերոհիշյալ 4 գյուղում գազատարին ոչ մի ընտանիք չի միացել: Մինչդեռ այդ գյուղերի բնակիչներին պետք է ձեռնտու լիներ բնական գազից օգտվելը, քանի որ պետական բյուջեից կիսով չափ փոխհատուցվում են սահմանամերձ, սոցիալական արտոնություններից օգտվող այդ գյուղերի բնակիչների սպառած բնական գազի վճարները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև