Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետն իր դեմ դուրս եկած ուսուցիչներին․«Ես գաղտագողի որոշում չեմ կայացնում» (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 19:40

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու թիվ 38 դպրոցի կոլեկտիվը բողոքի ակցիա էր անցկացնում՝ ցուրտ եղանակին ժամեր շարունակ դրսում կանգնելով ու չընդունելով Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ իրենց դպրոցի տնօրենի ժ/պ նշանակված Արփինե Նիկողոսյանին։

Ուսուցիչները նեղված են, որ իրենց կամքը հարցնող չկա, Հովսեփ Սիմոնյանը պարտադրում է ենթարկվել իր կամքին, սուբյեկտիվ որոշում է կայացնում․ իր մարդկանց է տեղավորում։ Ուսուցիչների ենթադրմամբ, նորեկը դաշնակցական է։ Դպրոցի կոլեկտիվի ասելով, իրենց տնօրեն Գոհար Շահբազյանը (նրա պաշտոնավարման պայմանագրային ժամկետը լրացել է, այդ պատճառով նոր մրցույթ պիտի հայտարարվի) շատ արժանիքներ ունի, նրա 60 տարին նոր է լրացել, նա էլ կարող էր դպրոցի տնօրենի ժ/պ նշանակվել մինչ մրցույթ հայտարարելը։ Ուսուցիչները պնդում են, որ մարզպետն այս որոշումը կայացրել է գաղտագողի, այն անակնկալ է եղել իրենց համար։

Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ պահանջեց  Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանից։ Մեր հարցին`ինչո՞ւ եք դաշնակցականի նշանակում, այն էլ գաղտագողի, Հովսեփ Սիմոնյանն ասաց․«Սկսեմ գաղտագողի բառից, որևէ մի պետական կառավարման մարմնում չի կարող որևէ բան թափանցիկ չլինել․ մարզպետի ցանկացած որոշում հրապարակվում է մեր կայքում և ցանկացած քաղաքի, անկախ այն բանից նրանք դպրոցի ուսուցիչներ են, թե սովորական քաղաքացիներ կարող են մտնել մեր կայք ու մարզպետի ցանկացած որոշում տեսնել։ Երկրորդը՝ որևէ կուսակցական խնդիր չկա, իմ կողմից նշանակված անձը անկուսակցական է»։

Շիրակի մարզպետն ասաց, որ այն դպրոցներում, որտեղ տնօրենների պայմանագրերի ժամկետն ավարտվել է, իրենք պարտավոր են նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ, իսկ այդ գործառույթը օրենսդրությամբ ուղիղ վերապահված է մարզպետին։ Նրա պնդմամբ, ինքը օրենսդրության որևէ խախտում չի կատարել։ «Ես զարմանում եմ, որ դպրոցի կառավարման հետ կապ ունեցող ուսուցիչները, որոնց վերապահված է իրավասություններ տնօրենի ընտրության հարցում, ինչ-որ այլ ճանապարհներ են ընտրում։ Եթե իրենք համարում են, որ նախկին տնօրենը ամենալավն է, ամենագիտակն է և իրենց անհրաժեշտ է, եթե  ծնողը նույնպես այդպես է գտնում, իրենք իրենց քվեարկության միջոցով կընտրեն տնօրեն, իսկ մարզպետը նշանակումը կկատարի»։

Հովսեփ Սիմոնյանն ասաց, որ տնօրենի ժ/պ այլ դպրոցից է նշանակել, որպեսզի անկաշկանդ մթնոլորտ ստեղծվի, ու մարդիկ կարողանան իրենց կարծիքը հայտնել ու մրցույթին մասնակցություն ունենալ։ Մարզպետը հանդիպել է դպրոցի կոլեկտիվի հետ ու զգացել, որ նրանք կաշկանդված են ինչ-որ բանից, նրա համոզմամբ, այսօրվա բողոքի ակցիան էլ ցույց է տալիս, որ կազմակերպված է։ «Հիմա եթե որևէ մեկը ինձ գա ասի, գիտես՝ այդ ամբողջ թաղամասը կամ ամբողջ կոլեկտիվը գիշերը քնում են ու մտածում են, որ իրենց առաջնային խնդիրը  էդ դպրոցի էս կամ էն անձի տնօրեն լինելն է, ես համաձայն չեմ լինի։ Նրանք շատ ավելի ուրիշ խնդիրներ ունեն, սա կազմակերպված է ինչ-որ մարդկանց կողմից, Աստված իրենց հետ։ Մարզպետը երբեք թույլ չի տա օրենսդրության որևէ կետի խախտում, եթե կոլեկտիվը կկարողանա ասել՝ հարգելի մարզպետ, դուք այստեղ խախտել եք օրենսդրությունը, վերազանցել եք ձեր լիազորությունը, ես պատրաստ եմ ցանկացած վայրկյան փոխելու իմ որոշումը։ Հանդիպման ընթացքում ասել եմ՝ կգնանք, կաշխատեք, անձը, որ իմ կողմից նշանակված է, չի կարողանա, չի ապահովի նվազագույն չափանիշները, որ պիտի ապահովի տնօրենը, ես պատրաստ եմ ցանկացած րոպե որոշումը փոխել, մեկ այլ անձի նշանակել, խնդիր չկա, բայց արհեստական խնդիրներ ու խոչընդոտներ առաջացնել, խորհուրդ չեմ տա, ճիշտ չէ դա»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը։

Մեր հարցին, թե առջևում ԱԺ ընտրություններ են, մտավախություն չունե՞ք, որ մարդիկ կլարվեն ձեր դեմ նման նշանակումներով ու կտապալեք Շիրակի մարզում ՀՅԴ-ի ձայներ հավաքելու պրոցեսը, Հովսեփ Սիմոնյանն ասաց․ «Ո՞վ ասեց, որ լարվում են իմ դեմ, մարդիկ ցանկություններ ունեն, ցանկությունների արտահայտումը դեռևս չի նշանակում, որ չեն կիսում իմ տեսակետը։ Հետո մի մոռացեք, եթե կոլեկտիվն ամբողջական է, ուրեմն չի արտահայտում ճիշտ տեսակետ, դուք լավ կանեք առանձին-առանձին փորձեք զրուցել և կհասկանաք՝ արդյոք ընդհանուր իրավիճակն էդպիսի՞ն է, թե՞ էդպիսին չէ»։

Շիրակի մարզպետի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լիլիթ Սարգսյան says:

    BRAVO…կոլեկտիվ: Մարզպետը լրիվ իր ոճի մեջ է: Բայց էս մեկը հաստա՜տ կոկորդին կմնա…..

    • Narine says:

      Սխալ է այն մեկնաբանությունը , որ կոլեկտիվը ուղղորդված է եղել ինչ որ մեկի կողմից ,կոլեկտիվը պայքարում է և պայքարելու է մինչև վերջ ,շատ հարցեր կան որոնք պատասխաններ են պահաջում …

  2. Սոնա says:

    Հանրակրթական դպրոցների տնօրենների հետ աշխատանքային հանդիպման օրը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը տնօրեններին խոստացավ այցելել դպրոցներ, տեղերում ծանոթանալու խնդիրներին: Մարտի 22-ին Շիրակի մարզպետն այցելեց Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց: Տնօրենի ուղեկցությամբ պարոն Սիմոնյանը շրջեց դպրոցում, մտավ դասասենյակներ, լսեց երեխաներին դասավանդող ուսուցիչներին, այցելեց դպրոցում տարածքի շուրջ 41 երեխաների համար գործող նախակրթարան, ծանոթացավ պայմաններին, այցելեց խոհանոց: Ամենակարևորն ինչից գոհ մնաց պարոն մարզպետը, դա մաքրությունն էր, որը պայմանավորված չէր մարզպետի դպրոց այցելությամբ, այն իսկապես մաքուր էր: Փոքրիկ, ոչ բավարար հարմարություններով դպրոցի խոհանոցից օգտվում են շուրջ 140 երեխա, այսպիսին է դպրոցի հարմարությունները: Դպրոցը, ուր սովորում են 225 երեխաներ, որոնցից 24-ը ներառական կրթությամբ, չունի մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, միջոցառումները կազմակերպվում են երկրորդ հարկի միջանցքում, բայց դպրոցում առկա էր առողջ մթնոլորտ, որը միաբերան հաստատեցին դպրոցի մանկավարժական հանրույթի անդամները մարզպետի հետ հանդիպման ժամանակ: Դպրոցում լուրջ խնդիրներ չկան, պարզապես գույքը հին է, ներքին հարդարման աշխատանքների ժամկետն անցած, կա համակարգիչների թարմացման անհրաժեշտություն, բայց սրանք այն հրատապություն պահանջող խնդիրները չեն, ինչն ասենք, դահլիճ ունենալու խնդիրն է, քանզի մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության հարցը բաց է մնում, անկախ դպրոցի բակում առկա խաղահրապարակի, որը չի կարող լուծել խնդիրն ամբողջությամբ: Մանկավարժական կոլեկտիվը բավական երիտասարդ է, ունեն կենսաթոշակային տարիքի մեկ մանկավարժ, ինչը նշանակում է կադրերի հարցում տարվել է ճիշտ քաղաքականություն, և կադրերը երիտասարդացվել են: Իրենք ուսուցիչները որևէ լուրջ հիմնախնդիր, բացառությամբ թվարկվածների, չնշեցին, հակառակը, բերեցին փաստարկներ, որ լավ մարդ դաստիարակելու համար բնավ շքեղության անհրաժեշտություն չկա: Մանկավարժները ևս շնորհակալություն հայտնեցին մարզպետին այցելության համար, քանզի այդ այցելությամբ պարոն մարզպետը նախ կարևորել է իրենց դերը, իսկ մանկավարժի դերը գնահատել նշանակում է գնահատել կատարված այն մեծ աշխատանքը, որի արդյունքը մենք տեսնում ենք հանրապետական կամ միջազգային դպրոցական օլիմպիադաներին մեր սաներին մասնակցելով և տարբեր մրցանակային տեղեր գրավելով: Արդեն դպրոցի բակում պարոն մարզպետը հանդիպեց երեխաներին տուն տանելու եկած ծնողներին, ովքեր նույնպես իրենց գոհունակությունը հայտնեցին և’ տնօրինության, և’ մանկավարժների հասցեին:

  3. Օնիկ says:

    Տեր իմ աստված այս ու՞մ է վստահված մարդկանց ժակատագրերը: Ընկերոջ մոտ ջենթլմենություն նույնիսկ չկա, գնում գալիս կանանց է նեղում: Հարգելի դաշնակներ մինչև ընտրությունները սա կուսակցությանը լուսանցքից դուրս կթողնի:

  4. Տիգրան says:

    Շհնորհակալություն նախորդ մարզպետին անշահախնդիր աշխատանքի համար

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930