ԱԺ կանոնակարգ օրենքի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ի համար եւ առհասարակ խորհրդարանական պատմության մեջ ցավոտ խնդրի անդրադարձավ, երբ պատգամավոր են դառնում կուսակցության համամասնական ցուցակով, հետո ասում են՝ ցտեսություն, ես գնացի. «Հիմա արի հասկացի՝ քաղաքական ո՞ւժն է շեղվել իր ծրագրից, թե՞ պատգամավորն այլ ծրագիր ունի»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ խնդիրը կարգավորվում է երկու ձեւով՝ բարոյական հարթության մեջ, որ մարդիկ պարկեշտություն եւ բարոյականություն ունենա, խմբակցությունից դուրս գալիս վայր դնեն իրենց մանդատը: Բայց քանի որ, ըստ պատգամավորի, բարոյականությունը քաղաքական տիրույթում դժվար իրագործելի նորմ է, մնում է հաջորդ տարբերակը՝ ո՞րն է այդ չափորոշիչը, որ ասես՝ քաղաքական թի՞մն է շեղվել իր նախապես հայտարարված ծրագրերից, թե՞ պատգամավորը. «Շատերը, որ այստեղ մեծ-մեծ խոսում են, թե այդ անձին են ձայն տվել, մարդիկ, որ մինչեւ 2012-ի խորհրդարանական ընտրությունները հանրությունն իրենց անունն էլ չգիտեր, հիմա ես առաջարկ ունեմ, թող այդ անձինք մի հատ ռեյտինգային քվեարկությամբ առաջադրվեն իրենց տարածքներում: Եթե իրենց մուտքում անգամ իրենց մերձավոր բարեկամների բացի այլ ձայն կհավաքեն, ես կասեի՝ ես սխալ էի»:
Վահրամ Բաղդասարյանը կարեւորեց Նաիրա Զոհրաբյանի մտահոգությունը եւ խորհուրդ տվեց նախընտրական ցուցակները կազմելիս շատ զգույշ լինեն, ցուցակում չընդգրկեն մարդկանց, որոնց նպատակն է լոկ ինչ-որ ձեւով ԱԺ ներխուժելը:
Կարդացեք նաև
Հիմնական զեկուցող ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն իր ամփոփիչ ելույթում ասաց, որ խմբակցությունից դուրս գալու հարցը կքննարկեն ու կփորձեն նոր լուծում գտնել:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ քննադատել էր այն մոտեցումը, որ պատգամավորը կարող է լիազորագիր տալ խմբակցության ղեկավարին եւ նա իր փոխարեն կարող է քվեարկել: Ըստ տիկին Զոհրաբյանի, իհարկե, ոչ այն դեպքերում, երբ պատգամավորը «վետերոկում նստած է կամ սաունայում սուզված է», այլ այն դեպքերում, երբ ԱԺ-ի կողմից գործուղման է, պետք է փակ ծրարով իր քվեարկությունը կարողանա հանձնել քարտուղարություն:
Նաիրա Զոհրաբյանը եւ Հրանտ Բագրատյանը առաջարկեցին ԱԺ-ի փորձագիտական բազան մեծացնել: Ըստ նրանց, պատգամավորը չպետք է նստի եւ օրենք գրի, նա միայն գաղափարը պետք է տա: Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ խմբակցություններ կան, որոնք փորձագիտական բազայում ընդգրկելու համար առավելագույն պահանջ են դնում «կոֆե եփելը». «Դնենք ֆիլտրեր, որ չթողնենք որեւէ խմբակցության ղեկավարի որոշելու հանձնաժողովի փորձագետներին»:
Նա առաջարկեց նաեւ ֆիլտրել պատգամավորի օգնականներին, քանի որ պատգամավորի վճարովի օգնականների 90 տոկոսը նույնպես սուրճ եփողներ են, նրանց փորձագիտական ներուժը սուրճը լավ կամ վատ եփելն է. «Եթե ԱԺ-ն վճարում է այդ մարդկանց, չի վճարում նրա համար, որ էսպրեսոն է լավ եփում, թե թուրքական սուրճը: 90 տոկոսի դեպքում այն պատգամավորները, որոնք իրենց բիզնեսներում պետք է գումար տային այդ աղջիկներին, բերել են ԱԺ, զրո առնչություն օրենսդրական աշխատանքին եւ պատգամավորական գործունեությանը»:
Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ի փորձագետները քիթ սրբելու ժամանակ չունեն. «Մեր հանձնաժողովի փորձագետները իրականացնում են բավականին լուրջ ժամանակ»: Հետո նա ասաց. «Կոֆե դնելու առաջարկ եք դնում էդ մարդկանց առջեւ՝ կոֆե են դնում, օրենքները դրեք եւ այնպիսի մարդիկ դրեք, որ կոֆե չդնեն, այլ ի վիճակի լինեն օրենք գրելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ