ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր ներկայացվեց «Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական վերլուծությունը մարդու իրավունքների և ժողովրդավարացման համատեքստում. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաինա, Մոլդովա» թեմայով հետազոտությունը: Ըստ ժողովրդավարության մակարդակի ինդեքսի՝ Հայաստանը դիտարկվող 9 պետությունների շարքում 3-րդն է՝ Մոլդովայից և Վրաստանից հետո:
«Առաջատարը Մոլդովան է, որին հաջորդում են Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը: Վերջին հորիզոնականում է Ադրբեջանը:
Վերջինս բավականին ցածր արդյունքներ ունի՝ պայմանավորված քաղաքական, քաղաքացիական, մամուլի ազատության ինդեքսներով: Ադրբեջանում նաեւ կոռուպցիայի բարձր մակարդակ է դիտվում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց գրքի խմբագիր, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Արուսյակ Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանին՝ նա նշեց, որ մեր երկրի ժողովրդավարության ինդեքսը 2000-2013թթ. դրական է որակվել, սակայն ցուցանիշն աստիճանաբար անկայունություն է դրսեւորել: «2015թ. ժողովրդավարության ինդեքսը խորը անկում է ունեցել՝ ի հաշիվ սոցիալական, տնտեսական, մասամբ՝ քաղաքական ցուցանիշների»,-ասաց Արուսյակ Ալեքսանյանը:
Հավելենք, որ նշյալ հետազոտությունը նմանօրինակ երրորդ զեկույցն է, որը կազմել են ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ