Նոյեմբերի 23-24-ին Ժնևում Խոշտանգումների դեմ ՄԱԿ-ի կոմիտեն իր 59-րդ նստաշրջանում քննարկեց Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 4-րդ պարբերական զեկույցը։ Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին ՀՀ արդարադատության, արտաքին գործերի նախարարությունների, ոստիկանության, դատախազության, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության ներկայացուցիչները, ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը:
Զեկույցի դիտարկումն անցավ Կոմիտեի անդամների հետ բաց և կառուցողական երկխոսության մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեց Կոնվենցիայում ամրագրված իրավունքների իրականացման ընթացքը: Կոմիտեն դրական գնահատեց ՀՀ չորրորդ զեկույցը սահմանված վերջնաժամկետից շուտ ներկայացնելու փաստը:
Պատասխանելով Կոմիտեի անդամների հարցադրումներին՝ ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց այս ոլորտում վերջին չորս տարիների դրական զարգացումները, ինչպես նաև ընթացիկ ռազմավարական ծրագրերը և ձեռնարկվող քայլերը՝ ոլորտը ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ: Մասնավորապես անդրադարձ կատարվեց 2015 թվականի հունիսին ընդունված օրենսդրական փաթեթին, ինչի արդյունքում Քրեական օրենսգրքում տրված սահմանումը համապատասխանեցվել է Կոնվենցիայի առաջին հոդվածին, մանրամասն պատասխաններ տրվեցին հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ:
Կոմիտեի անդամները տեղեկացվեցին նաև ս.թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների` քաղաքացիական անձանց թիրախավորելու, խոշտանգումների և սպանությունների մասին:
Տեղեկանք. Ընդունված ընթացակարգի համաձայն՝ առաջիկա շաբաթների ընթացքում Կոմիտեն կնախապատրաստի և կներկայացնի ՀՀ-ին տրված հանձնարարականներ:
ՀՀ ԱԳՆ