Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-իրանական համագործակցություն` նանոտեխնոլոգիաների ոլորտում

Նոյեմբեր 29,2016 16:54

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ԻԻՀ նանոտեխնոլոգիաների գլխավոր շտաբի ղեկավար պրոֆեսոր Սայեդ Սարքարի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով դեսպանին և պատվիրակության անդամներին` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ կրթության և գիտության ոլորտում բարեկամ Իրանի հետ հարաբերություններն առավել գործնական բնույթ են կրում` ընդլայնելով համագործակցության շրջանակը: Նրա խոսքով` հանրակրթության և բուհական ոլորտներում մեր երկու երկրների միջև առկա համագործակցությանն այժմ միանում է նաև գիտության ոլորտը` մասնավորապես նանոտեխնոլոգիաների ուղղությամբ:

«Հայ գիտնականները բավականին ակտիվ են նանոտեխնոլոգիաների ասպարեզում, և իրանական կողմի առաջարկը` համագործակցել այս ոլորտում, խիստ արդիական է:

Վստահ եմ, որ առաջիկայում, երբ կհստակեցնենք գործակցության ծրագիրը, այն կընդգրկի ոչ միայն նանոտեխնոլոգիաների ոլորտը, այլ նաև գիտության այլ ճյուղեր»,-նշել է Լևոն Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ կրթության և գիտության նախարարին` ջերմ ընդունելության և ոլորտում առկա համագործակցության համար, դեսպան Սաջադին հանդես է եկել գիտության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման առաջարկով, որը դեսպանի խոսքով` նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Հայաստանի կրթության և գիտության նախարարը ևս կարևորել էնման հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը:

Սայեդ Սարքարը տեսաֆիլմի միջոցով ներկայացրել է Իրանում նանոտեխնոլոգիաների զարգացման բնագավառում կատարված աշխատանքները և Հայաստանի կրթության ոլորտի` մասնավորապես հանրակրթության հատվածի հետ համագործակցության հնարավորությունները: Տարածաշրջանում որպես այս ոլորտի զարգացման առաջատար դիրք ունեցող երկիր՝ Իրանը, ըստ պրոֆեսոր Սարքարի, պատրաստ է կրթության և գիտության ոլորտներում արդյունավետ փոխգործակցության միջոցով համատեղ ծրագրեր իրականացնել:

Նախարար Լևոն Մկրտչյանը ողջունել է նախաձեռնությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ Հայաստանը «Հորիզոն-2020»-ի ասոցացված անդամ է և լայն հնարավորություններ ունի եվրոպական տարբեր երկրների հետ համատեղ գիտական ծրագրերի իրականացնելու համար:

Հանդիպմանը ներկա ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանի գիտության ներուժը և գիտության ամենատարբեր ճյուղերում համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930