Այսօր Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում, սեմինար քննարկում էր ` «Երեխանների տեսողության խանգարման պատճառները և տեսողության պահպանման հիմնական մեթոդներն ու միջոցները» թեմայով, սեմինարը վարում էր տիֆլոմանկավարժ` Ելենա Նալբանդյանը: Սեմինարի նպատակն էր մանկավարժներին, ծնողներին, այն մարդկանց, ովքեր շփվում են երեխաների հետ, իրազեկել, տեղեկացնել տեսողության խանգարման պատճառների, տեսողության պահպանման մեթոդների մասին:
Տիկին Նալբանդյանը հակիրճ ներկայացրեց տեսողության խանգարումների առաջացման պատճառները, ներկայացրեց մեթոդներ խնդիրները կանխելու համար.
«Ավելի լավ է կանխել վտանգը, քան հետո բուժել արատը: Տեսողության խանգարումները լինում են բնածին. Ժառանգական և ձեռքբերովի, բնածին խանգարումներին հիմք են ծառայում հղիության ընթացքում տարած վնասվածքները, ինֆեկցիոն հիվանդությունները, ծննդաբերության սխալ ընթացքը: Ձեռքբերովի խանգարումները ֆիզիկական վնասվածքներն են, ինֆեկցիոն հիվանդությունները, քիմիական ազդեցությունները և այլն: Կարևոր է դրանց կանխարգելումը, կանխարգելման լավագույն և տարրական մեթոդները շատ պարզ են և հեշտ օգտագործելի, առաջին հերթին պետք է պահպանել հիգիենայի կանոնները, ռացիոնալ ռեժիմի ապահովումը, տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը, ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:»
Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը 896 է, տեսողության խանգարումներ ունեցող աշակերտների թիվը՝ 113:
Ռուզաննա ԴԻԼԱՆՅԱՆ