«Կուսակցությունների անդամների քանակով չի որոշվում կուսակցության ազդեցությունը, այլ ընտրությունների ժամանակ ստացած ձայների քանակով»,- նոյեմբերի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը:
Լեւոն Մարտիրոսյանն ասաց, որ կուսակցության ներքին գործն է, թե ինչքան մարդ է անդամագրվում եւ ում շնորհիվ է անդամագրվում, եւ որեւէ մեկին չի վերաբերվում. «Քննարկել եւ բարդացնել, թե ինչ է տեղի ունենում այս կամ այն կուսակցության ներսում, տեղին չէ: Դա այս կամ այն կուսակցության անդամների եւ այդ կուսակցության հետ կապ ունեցող անձանց խնդիրն է»:
Հարցին, թե ինչո՞ւ է կուսակցության ղեկավար դառնում մի մարդ, որն ավելի ցածր վարկանիշ ունի, քան Կարեն Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դա կուսակցության գործն է, ձեր գործը չի: Կուսակցության գործն է՝ ում է ընտրում ղեկավար, ղեկավար մարմնի անդամներ: Բայց ի՞նչ վատ բան կա, որ կուսակցությունն իր ներսում առաջադրում է թեկնածուին եւ ընտրում է թեկնածու, հետո առաջադրում է: Դուք ի՞նչ կապ ունեք դրա հետ, եթե կուսակցության անդամ չեք»:
Նկատառմանը, որ Հանրապետականը իշխող ուժ է, Լեւոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իշխող ուժն իրավո՞ւնք չունի ընտրել իր ղեկավարին, պետք է ձեզ հարցնի՞»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ