Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շաբաթ՝ նոյեմբերի 26-ին, համագումար էր կազմակերպել, որի ընթացքում Սերժ Սարգսյանը վերընտրվեց կուսակցության նախագահ:
Համագումարի արդյունքները նոյեմբերի 29-ին «Հայելի» մամուլի ակումբում ամփոփեցին ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը եւ Հայկական վերածնունդ կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը:
Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ կուսակցության գործունեության տրամաբանական շարունակությունն էր. «Արտառոց բան համագումարի ընթացքում չկար. այնպես էր, ինչպես պետք է լիներ: Ներկուսակցական կյանքին վերաբերող խնդիրներ էին, որոնք պետք է համահունչ լինեին մեր վարած քաղաքականությանը»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի եւ 7000 քաղաքացիների՝ ՀՀԿ անդամակցությանը՝ Լեռնիկ Ալեքսանյանը ասաց, որ վարչապետի մուտքը կուսակցություն երեւույթ է. «Այդ 7000-ը մարդիկ էին, որոնք այս բարեփոխումների հետ կապված նաեւ վարչապետի անձի հետ կապված, թիմի հետ կապված. ի վերջո վարչապետը կուսակցական չէր, բայց թիմ ուներ, եւ բնականաբար համակիրները մտել են կուսակցություն: Արտառոց բան չկա»:
Ալեն Սիմոնյանը նկատեց՝ համագումարի ընթացքում անձի պաշտամունք, մասնավորապես՝ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անձի պաշտամունք, որը հիշեցնում է սովետական անցյալը. «Արծարծվում էին տեղեկություններ, որ այդ 7000 անձինք տարբեր հիմնարկների, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցներն են, որոնց մեծ հաշվով կարելի է ասել, որ պարտադրվել է այդ կուսակցությանը անդամակցությունը: Բայց միեւնույն ժամանակ՝ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, եւ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենա, երբ որ Հանրապետական կուսակցությունը իշխանություն չի լինի, 1 օրվա մեջ 70 հազար մարդ կլքի այդ կուսակցությունը»:
Իսկ Էդգար Առաքելյանի կարծիքով՝ հերթական համագումար էր. «Դարակազմիկ փոփոխություններ տեղի չունեցան: Կուսակցական համագումարով նախընտրական տրամաբանության շրջանակներում եմ 7000 անձանց անդամակցությանը նայում, որ նախընտրական շրջան է: Կարծում եմ՝ առաջիկայում եւս տարբեր կուսակցություններ համագումարներ կանեն, իրենց թիմերը կհստակեցնեն»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ