Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսով էի, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ական դառնալիս այդ փաստարկը ևս կբերեր». Գագիկ Մակարյան

Նոյեմբեր 29,2016 15:13

Գագիկ Մակարյանը մտահոգություն ունի, որ ընտրությունները կվնասեն ՀՀ-ում տնտեսական աճին: «Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ՀՀ կառավարության ծրագիրն արդյունավետ է համարում  ու միևնույն ժամանակ նշում, որ նման արդյունավետության պայմաններում 2.5 միլիարդ բյուջեով հնարավոր է հասնել 3.2 տոկոս տնտեսական աճի, եթե ընտրությունները չխանգարեն:

Ռուսաստանի գործոնը ևս էական է. «Եթե հանվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եկող տարի ՌԴ-ն «պլյուսով» ՀՆԱ աճ կունենա, դա էլ մեզ կփրկի, քանի որ մեր տնտեսությունն այսօր ՌԴ-ից շատ կախված է»:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշման վերաբերյալ հնչեցված փաստարկներին՝ պարոն Մակարյանն ասաց. «Հուսով էի, որ այդ փաստարկների մեջ ՀՀ վարչապետը կներկայացներ կոռուպցիայի դեմ պայքարի միացյալ ուժերով գործընթացի սկիզբը: Հույս ունեի նաև, որ ՀՀԿ համագումարում կխոսվեր այդ մասին, լավ վայր էր, քանի որ հիմնական պաշտոնյաներն  այդտեղ էին գտնվում, սակայն դա չարվեց»:

Պարոն Մակարյանը, անդրադառնալով ՀՀ տնտեսական քաղաքականության մշակմանը, մի շարք խնդիրներ բարձրացրեց. «Տպավորությունն այն է, որ մեզ մոտ կանխատեսումների մեխանիզմը չի աշխատում: Դժվար չէ կանխատեսել, թե տնտեսության որ ճյուղն ինչ հեռանկարներ ունի: Իսկ երբ դրա մասին չեն ասում ու չեն հաշվարկում, առաջանում է հարց՝ արդյոք պետական պաշտոնյաները պրոֆեսիոնա՞լ են իրենց թիմով»: Պարոն Մակարյանն օրինակ բերեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, ու մտահոգություն հայտնեց, որ նախարարության վեց վարչությունները՝ արդյունաբերության, առևտրի, փոքր ու միջին բիզնեսի հետ կապված վարչությունները, իրականում պետք է լինեն քաղաքականություն տանողներ, բայց այդ գործառույթը չեն կատարում:

Գագիկ Մակարյանին մտահոգում է նաև սննդի անվտանգությունը. «Սննդի անվտանգության տեսչությունը պասիվ վիճակում էր գտնվում, հիմա ակտիվացել է կառավարության հորդորով: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ այդ խնդիրը բարձրացրել եմ»:

Անդրադառնալով տեսուչների աշխատանքին՝ Գագիկ Մակարյանը նշեց, թե հաճախ տեսուչներն են ձեռնարկություններին հանգստացնում, թույլ տալիս մնալ այդ վիճակում, որ կոռուպցիոն ռիսկերը միշտ բարձր մնան:

Եթե մսի շուկայում փոփոխություններ տեղի են ունեցել, օրինակ՝ այսուհետ մորթված մսի վրա պետք է լինի տեղեկություն, թե այդ կենդանին որտեղ է մորթվել, ապա կաթնամթերքի շուկայում առաջընթաց չկա. «Կաթնամթերքի շուկան նույն հիվանդությամբ է տառապում, եղածներին գումարվել են նաև այլ խնդիրներ: Եթե այլ արտադրությունների դեպքում կա արտահանման դիվերսիֆիկացիա, ապա այս ոլորտում դա չկա: Նրանք սահմանափակված են ներքին շուկայում: Չնչին քանակի պանիր են արտահանում, դա իրենց եկամուտների մեջ էական դերակատարություն չի ունենում: Սակայն, ցավոք, առաջարկներ չեն ներկայացվում կաթի հումքի աճի, մյուս խնդիրների լուծման համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930