Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռն ամբողջությամբ չի կատարվել. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ԵԽ ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն

Նոյեմբեր 29,2016 16:06

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2016 թ․ նոյեմբերի 7-ին ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն է ներկայացրել «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման մասին տեղեկանք։ Տեղեկանքով ընդգծվում է այն հանգամանքը, որ Կառավարությունը չի ապահովել վճռի ամբողջական կատարում. վատ վերաբերմունքի դեպքերով պատշաճ և ամբողջական քննություն չի տարվում, և վատ վերաբերմունք կիրառող ծառայողները մնում են անպատիժ: Այսպիսով՝ վատ վերաբերմունքի խնդիրը դեռևս չի ստանում համակարգային և վերջնական լուծում: Հիշեցնենք՝ «Նալբանդյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով Դատարանը մասնավորապես արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) և 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) հոդվածների խախտումները, որոնք նոր հանգամանք են նախկինում կայացված դատական ակտերի վերանայման համար:

Հիմք ընդունելով ՄԻԵԴ վճիռը՝ Նալբանդյանների փաստաբան Սեդա Սաֆարյանը 2015 թ. սեպտեմբերի 11-ին բողոք է ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու պահանջով: Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բողոքը, ապա 2016թ. հունիսի 24-ին բավարարել այն, սակայն մինչ օրս բողոքաբերները չեն ստացել Դատարանի որոշումը. երկու քրեական գործերը չեն ուղարկվել նոր քննության, իսկ դատապարտյալներից Նարինե Նալբանդյանը պատժի մեծագույն մասը՝ 13 տարի, արդեն անցկացրել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Փաստաբանի՝ որոշումներն ստանալու պահաջով Վճռաբեկ դատարան ներկայացրած դիմումներն անպատասխան են մնացել: Ի պատասխան՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկանքի՝ Եվրոպայի խորհրդի ՄԻԵԴ վճիռների կատարման վարչությունից հայտնել են, որ ներկայացված տեղեկատվությունը վերահասցեագրվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն՝ համաձայն ՄԻԵԿ 46-րդ հոդվածի 2-րդ կետի (Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ): Նշենք, որ հասարակական կազմակերպությունների` ԵԽ Նախարարների Կոմիտե ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու իրավունքը սահմանված է Նախարարների կոմիտեի Կանոնակարգի 9 (2) կանոնով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930