Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը վստահ է`ընդդիմադիրների նախընտրական միավորում չի կայանա

Նոյեմբեր 29,2016 14:49

Որպեսզի Հայաստանում 2017 թվականի ընտրություններն իրոք լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, անհրաժեշտ է երեք քայլ: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Առաջին` իշխանությունների քաղաքական կամքն է, որ դուք տեսաք, որ կա: Երկրորդ`քաղաքական կոնսոլիդացիան ու կոնսենսուսը քաղաքական ուժերի մեջ, որ էլի պատմական համախմբման հասան ընդդիմությունն ու իշխանությունը: Երրորդ` դրամական միջոցների հայթայթումը, որ կարծես թե այդ հարցն էլ է լուծվում մեր գործընկերների կողմից»,- ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ԱՄՆ կառավարության հայտարարությունը, որում ողջունվում է Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության եւ ընդդիմության միջեւ համաձայնության ձեռք բերումը:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ միանում է ԵՄ, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի կառավարություններին եւ պատրաստակամ է օժանդակել այդ համաձայնության իրականացմանը, ցուցաբերել ընտրության վերահսկման մեխանիզմների ներդրման համար ֆինանսական կամ նյութական աջակցություն:

ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատում միջազգային գործընկերների շահագրգռվածությունը:

Էդուարդ Շարմազանովը չի կիսում լրագրողի այն դիտարկումը, որ մենք անընդհատ գնում ենք ընտրությունների վատթարացման ճանապարհով: «Ընտրությունների լավագույն գնահատականը միջազգային դիտորդներն են: Աստիճանաբար, սկսած 2002-2003 թվականներից, ընտրական պրոցեսները, նույն ԱՄՆ Պետդեպի դիտորդական գնահատականը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵՄ դիտորդների գնահատականները նայեք եւ կտեսնեք, որ յուրաքանչյուր ընտրություն աստիճանաբար ավելի լավ գնահատական է ստանում, քան նախորդը»,- ասաց նա:

Չի վիճարկում` աշխատելու եւ բարելավելու տեղ, կա: Բայց հավելում է` եթե անգամ ժողովրդավարական լուրջ ավանդույթներ ունեցող ԱՄՆ-ում ընտրական գործընթացների ժամանակ շատ պրոբլեմներ կան եւ բարելավելու խնդիրներ կան, ապա ինչպե՞ս կարող է երիտասարդ ժողովրդավարություն ունեցող Հայաստանը չունենալ խնդիրներ. «Ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ: Հասարակությունը պետք է պահանջի, ընդդիմությունը քննադատի, բայց դա պետք է լինի կառուցողական եւ նպատակը ոչ թե ստվեր գցելը լինի, այլ օժանդակելը: Ավելի քան 10 տարվա կտրվածքով առաջին անգամ է, որ ընդդիմությունն ու իշխանությունը եկել են պատմական համաձայնության»:

Ի դեպ, այս ամենից հետո անգամ, Էդուարդ Շարմազանովի կարծիքով, ընդդիմությունը ընտրություններում հաղթելու շանսեր չունի: «Ո՞վ է ընդդիմությունը, մի հատ նայեք, էլի, ի՞նչ է նշանակում շանս ունենալ»,- լրագրողներից մեկի հարցին այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահը:

«Նորմալ ժողովրդավարական ընտրություն չի նշանակում, որ ՀՀԿ-ն պարտվի, ընդդիմությունը հաղթի»,- ասաց նա` հավելելով, որ բոլորն իրենց մրցակից են, եւ քաղաքականության մեջ, ինչպես քրիստոնեության մեջ գոռոզությունը տունը կքանդի, հարգանքով պետք է վերաբերվել: ՀՀԿ-ում գիտեն, որ կան բազում խնդիրներ, որ ժողովրդի «ուշքը չի գնում» իրենց համար, բայց ակնկալում են ազնիվ, ժողովրդավար մրցապայքար: «Եթե ամեն ինչ մենք կարողանանք անել ԸՕ-ի ոգուն եւ տառին համապատասխան, որևէ խնդիր չի լինի»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում ընթացող բանակցություններին էլ, ԱԺ փոխխոսնակը հայտարարեց`վստահ է, որ ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, ՀԱԿ-ի, Լուսավոր Հայաստանի, Քաղաքացիական պայմանագրի եւ այլ ընդդիմադիրների միավորումը չի կարող տեղի ունենալ, քանի որ նրանց արտաքին քաղաքական կողմնորոշումները տարբեր են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930