Իրանի նախագահի՝ առաջիկայում ՀՀ նախատեսվելիք այցի առնչությամբ Ադրբեջանում անգամ խորհրդարանի մակարդակով սպառնալիքներ են հնչել Իրանի հասցեին՝ «եթե Հասան Ռոհանին գա Հայաստան, Իսլամ Ալիեւը կմեկնի Իսրայել»: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նա նշեց, որ Իրանն էլ իր հերթին ԶԼՄ-ների միջոցով է պատասխանել՝ Ադրբեջանն անվանելով «Իսրայելի ետնաբակ», իսկ Ալիեւին՝ «Իսրայելի խամաճիկ»:
Փորձագետը նշեց, որ դեկտեմբերի տասներեքին նախատեսված է Իսրայելի վարչապետի այցը Ադրբեջան. «Ռազմաարդյունաբերական հատվածում քննարկվելիք գործողությունները վերաբերելու են ոչ միայն ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին, այլեւ ընդգրկելու են հակաիրանական գործողությունների ծրագիր, որի հանդեպ, կարծում եմ, Իրանը որոշակի քայլեր կձեռնարկի»:
Կարդացեք նաև
Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ Իրանի նախագահի այցը Հայաստան կկայանա դեկտեմբերին. «Այցը հաստատապես տեղի կունենա, քանի որ Հասան Ռոհանիի կառավարման ժամկետն է ավարտվում: Բացի այդ, ՀՀ-ն եւ Իրանը իրականացրել են անհրաժեշտ քայլեր, որոնք վերջնական ամփոփման կարիք ունեն: Կարիք կա նաեւ հեռանկարներն ամփոփելու»:
Անդրադառնալով հաջորդ տարի Իրանում սպասվող նախագահական ընտրություններին՝ բանախոսը նշեց, որ իրանահայերի ձայները վճռորոշ չեն՝ պայմանավորված համայնքի թվով, իսկ իրանահայերն առայժմ հստակ դիրքորոշում չեն հայտնել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ