Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն եւ Իրանը կարող են գրանցել լրջագույն ձեռքբերումներ». Վարդան Ոսկանյան (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 13:40

Իրանի եւ Հայաստանի համար երկուստեք հետաքրքրական է տնտեսական ոլորտը, որի համատեքստում կարեւոր ձեռքբերում կա՝ Իրանի կողմից ՀՀ-ի դերի արձանագրումը որպես Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող երկիր: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ մատնանշելով արդեն իսկ իրականացված կոմբինացված բեռնափոխադրումների իրականացնելու փորձը:

«Եվրոպայից ժամանած բեռները վրացական նավահանգիստներից երկաթուղով հասցվում են Երասխ, որտեղից էլ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով հասցվում են Իրան: Դատելով առկա տեղեկատվությունից՝ այդ գործարքը կատարվել է ընդունելի գների սահմաններում, հետեւաբար՝ երկաթուղի-ավտոմայրուղի կոմբինացված ճանապարհը, ըստ էության, արդարացված է: Ակնհայտ է, որ երկու երկրները պետք է ջանքեր գործադրեն՝ այս հնարավորությունն օգտագործելու ուղղությամբ»,-ասաց փորձագետը:

Վարդան Ոսկանյանի բնորոշմամբ՝ եթե «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը տեղից շարժվի, ինչպես հայտարարվել է, ՀՀ-ն եւ Իրանը կարող են գրանցել լրջագույն ձեռքբերումներ՝ ՀՀ-ն վերածելով կարեւորագույն օղակի, որը կապահովի Իրանից ելք դեպի Սեւ ծով, այնուհետեւ՝ դեպի եվրոպական շուկա, եւ հակառակը՝ եվրոպական շուկաներից Սեւ ծովի միջոցով ելք դեպի Պարսից ծոց եւ Հեռավոր արեւելք:

«Իրանական կողմը եւս շահագրգիռ է, որ այս ճանապարհը գործի՝ հաշվի առնելով Թուրքիայում իրանցիների ունեցած բազմաթիվ խնդիրները՝ թե քաղաքական, թե աշխատանքային»,-նկատեց Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ Իրանի հանդեպ պատժամիջոցների համատեքստում Թուրքիան վերջինիս անարդար պայմաններ է պարտադրել, ուստի Իրանը ցանկանում է թուրքական ուղին հնարավորինս դիվերսիֆիկացնել, իսկ լավագույն պայմանների առաջարկի դեպքում՝ օգտագործել Հայաստանի տարածքը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930