Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակի տոնածառի վրա Երեւանի քաղաքապետարանը գումար չի ծախսում, միայն աշխատուժին է վճարում (Տեսանյութ)

Նոյեմբեր 29,2016 13:17

Այսօր Երեւանի քաղաքապետարանում, նախքան Երեւանի ավագանու նիստը սկսելը Aravot.am-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեց, թե եկող տարվա բյուջեում տնտեսումներ նախատեսո՞ւմ են` հաշվի առնելով վարչապետ Կարեն Կարապետյանի` ծախսերը խնայողաբար անելու հորդորը:

Մեր հարցին ի պատասխան, պարոն Մարգարյանն ասաց, որ դեռեւս չեն հաստատել 2017-ի բյուջեն եւ այս պահին ձեւավորվելիք բյուջեի վերաբերյալ հանրային քննարկումներ են ընթանում եւ առաջնահերթությունները սահմանելուց հետո` կորոշեն ո’ր ծախսերը տնտեսել. «Այդ առաջարկները հանձնաժողովներում լսելուց հետո ավագանուն կտեղեկացնենք»:

avaganu-nist-2

Տարոն Մարգարյանի խոսքերով, սոցիալական խնդիրները 2017-ի բյուջեում առաջնահերթություններից են լինելու:

Ամանորյա տոնածառի վրա որքա՞ն գումար է ծախսվելու եւ արդյոք ճիշտ չէ, ոչ թե բնական եղեւնիներով այն տեղադրել, այլ` արհեստական, որ տոնածառն այդքան թանկ չնստի լրագրողներից մեկի հարցին էլ, քաղաքապետը պատասխանեց, որ եղեւնիների համար գումար չեն հատկացնում եւ միայն աշխատուժին են վճարում` տոնածառը հավաքելու համար. «Արհեստական եղեւնի գնելու համար ահռելի մեծ գումարներ են եւ մենք այդտեղ ենք դեմ, նման հնարավորություն չունենք եւ եթե ունենայինք էլ` կուղղեինք այլ ուղղություններով»:

Տարոն Մարգարյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

Տարոն Մարգարյանը, մինչ նիստը կսկսվեր, հայտնեց, որ ՀՀԿ-ից ընտրված ավագանու անդամ Աշոտ Պապյանի լիազորությունները կդադարեցվեն եւ նրան փոխարինի նրա կուսակից Գեորգի Գաբրիելյանը:

avaganu-nist-1

Այսօր Երեւանի ավագանու նիստում, որի օրակարգում ընդգրկված էր 11 հարց, գրեթե բոլոր հարցերը անցան միաձայն, բացառությամբ մեկ-երկու հարցի, որին ձեռնպահ քվեարկեց ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամներից մեկը:
«Պարմա» ընկերությանը Հյուսիսային պողոտայում հարող տարածքում ծառայողական ավտոկայանատեղիի թույլտվություն հատկացվեց, Նորք-Մարաշ համայնքում փողոցներից մեկն անվանակոչվեց, երկու քաղաքացու բնակարան` անհատույց սեփականաշնորհվեց, Գրանդ քենդի ընկերությունն էլ Երեւան համայնքին երկու ավտոմեքենա նվիրեց եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930