«Ես խղճում եմ այն տղամարդկանց, ովքեր որեւէ անելիք, ասելիք այլեւս չունեն իրենց կյանքում, քաղաքականության մեջ, եւ իրենց մնացել է անդրադառնալ կանանց հագուկապին, արտաքին տեսքին»,- այսօր խորհրդարանում, ի պատասխան լրագրողներից մեկի հարցի՝ այսպես ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
Լրագրողի հարցը վերաբերում էր ՀՀԿ-ի 16-րդ համագումարում ՀՀԿ-ական կանանց հագուկապի, սանրվածքների մասին սոցիալական ցանցերում հնչող քննադատություններին եւ հեգնանքներին:
«Սրանից տարիներ առաջ տղամարդիկ մի քիչ ավելի մեծ էին, այսքան ճղճիմություն, այսքան մանրություն ամոթ է: Այսքան ճղճիմ եւ փոքրոգի լինել չի կարելի»,- ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը:
Լրագրողի դիտարկմանը, իսկ ինքը գո՞հ է համագումարի ժամանակ հնչած ՀՀԿ-ական կանանց ելույթների բովանդակությունից, տիկին Նաղդալյանը պատասխանեց, որ ինքը քաղաքական գործիչներին չի բաժանում կանանց եւ տղամարդկանց. «Այնտեղ ելույթ էին ունենում մեր կուսակցականները եւ այդ կուսակցականներն ունեն բոլոր իրավունքները ասելու այն՝ ինչ մտածում են, այն՝ ինչի մասին անհանգստանում են: Այդպես վարվում են եւ կանայք, եւ տղամարդիկ: Այդտեղ դժգոհ լինելու խնդիր չկա, կարելի է ականջալուր լինել, կարելի է` չլինել»: