Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերջին համագումարում հայտարարել էր, թե այսուհետ անհետանալու են մարդ-կուսակցությունները եւ նոր սահմանադրության պայմաններում անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը։ Երեկ էլ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը, սա լավ առիթ էր՝ ԱԺ ամբիոնից կրկին խոսելու կուսակցությունների խոշորացման անհրաժեշտության եւ մարդ-կուսակցությունների մասին։
Այս առումով ուշագրավ է այն փաստը, որ նույն ՀՀԿ խմբակցության կազմում քիչ չեն այսպես կոչված մարդ-կուսակցությունների ղեկավարները։ Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանը, Հզոր Հայրենիք կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանը պատգամավոր են դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով, եւ նրանց ղեկավարած կուսակցություններ քաղաքական դաշտում վաղուց ի վեր դադարել են ինքնուրույն հանդես գալ։ Իսկ եթե ժամանակ առ ժամանակ նրանք որեւէ առանձին որոշում են կայացրել, ապա բացառապես ՀՀԿ որոշումների «ծիրին մեջ»։ Ուստի, «ՉԻ»-ն այս թեմայով զրուցեց ՀՔԴՄ կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանի հետ։
– ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե մարդ-կուսակցություններն այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են։ Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերում այս հարցին։
– Սերժ Սարգսյանը փաստեց իրականությունը։ Կան կուսակցություններ, որոնք մեծ իմաստով ձևավորված են կոնկրետ անհատի տակ, կոնկրետ անձի շուրջ։ Եվ «մարդ-կուսակցության» թեզը չի վերաբերում փոքր, նվազ դերակատարում ունեցող կուսակցություններին։
Կարդացեք նաև
Ես կարող եմ մատնանշել կուսակցություններ, որոնք «մարդ-կուսակցություններ» են, թեպետ՝ թվաքանակով շատ ու շատ ավելի են։ Այնպես որ, «մարդ-կուսակցությունը» կոնցեպտ է, երբ կուսակցությանն անդամագրվում են ղեկավարի քաղաքական հաջողություններն այդ թվում սեփական նպատակներին ծառայեցնելու նկատառումներով։
«Մարդ-կուսակցության» թեզը սա է, եւ կապ չունի՝ կուսակցությունը 100 հազար հոգանոց է, թե 15 հոգանոց, երկու դեպքում էլ հնարավոր են «մարդ-կուսակցություններ»։
– Կոպիտ չհնչի, բայց Ձեր ղեկավարած կուսակցությանը արդյո՞ք կարելի է դասել «մարդ-կուսակցությունների» շարքում։
– Որտեղ ուզում եք՝ դասեք, ես առանձնապես չեմ վիրավորվում դրանից։ Ես ձեզ կարող եմ ընդամենը մի բան ասել՝ այո, մենք ազդեցիկ քաղաքական ուժ չենք։ Ես երեկվա երեխան չեմ, որ ավելորդ հավակնություններ ունենամ։ Այո, մենք երբեւէ չենք էլ հավակնում ինքնուրույն շատ պատասխանատու դերակատարում ունենալ, բայց այս կուսակցությունն այն հազվադեպ կուսակցություններից է, որ ունի լուրջ գաղափարախոսություն՝ քրիստոնեադեմոկրատական գաղափարախոսություն։ Սա հետպատերազմյան Եվրոպան ոտքի կանգնեցնելու եւ Եվրոպային նոր շունչ, քաղաքական բովանդակություն տվող հիմնական գաղափարախոսությունն էր։
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում