Համախմբումը՝ միայն իշխանական ճամբարում
Ավարտվող քաղաքական աշունը թեպետ այնքան էլ հարուստ չէր ներքաղաքական զարգացումներով, բայց արտաքուստ խաղաղ ու հանգիստ գործընթացների խորքում ակնհայտորեն նկատվում է, մի կողմից, ներքին լարվածության անտեսանելի աճ, մյուս կողմից, այն լիցքաթափելու համար իշխանությունների ջանքերի նկատելի ակտիվացում։
Այդ պատճառով պատահական չէ, որ աշնան իսկական «քաղաքական բրենդը» դարձան սեպտեմբերի 13-ին նոր վարչապետի պաշտոնը ստանձնած Կարեն Կարապետյանն ու նրա շուրջը ձեւավորված բարեփոխիչների թիմը։ Նրանք սկզբում համալրեցին կառավարության, իսկ նոյեմբերի 26-ին տեղի ունեցած ՀՀԿ համագումարում՝ նաեւ իշխող կուսակցության շարքերը։
Վարչապետի շուրջ շատ արագ ձեւավորվեց հույսերի ու սպասումների դրական մթնոլորտ, որի ազդեցությամբ կառավարության ինչպես «հնաբնակները», այնպես էլ նոր անդամները սկսեցին աշխատել նոր մոտեցումներով։ Դրանով ոչ միայն կառավարությունը, այլեւ փաստորեն ողջ իշխանությունը վերականգնեց իր գործունեության դինամիզմը առաջին հերթին հասարակության սպասումներին արձագանքելու առումով։
Կարդացեք նաև
Նրա կոնկրետ քայլերի ու նախաձեռնությունների շարքում կարեւոր էին հատկապես հարկային ու մաքսային քաղաքականության ոլորտում կատարված փոփոխությունները, որոնք նպատակ ունեն վերացնել երկրում գոյություն ունեցող մենաշնորհները։
Կարեն Կարապետյանի ձեռնարկած դրական քայլերը, սակայն, ժամանակ ու հետեւողականություն են պահանջում, որովհետեւ համակարգի թարմացման եւ նրան նոր շնչառություն հաղորդելու հաջողված փորձերը դեռեւս համակարգված բարեփոխումներ չեն։
Մինչդեռ մոտենում են խորհրդարանական ընտրությունները, որոնք իշխանությունից բնականաբար պահանջում են համախմբել սեփական թիմը եւ ոչ թե նրանում ձեւավորել պահպանողականների ու բարեփոխիչների բեւեռներ։ Առաջիկա ամիսներին դա չի կարող իր կնիքը չդնել նոր վարչապետի գործունեության վրա՝ որոշ չափով սահմանափակելով նրա ուժականությունը։
Ընդդիմության առաջին լուրջ քննությունը մի քանի փուլով ընթացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն էին, որոնցում միայն երկրի երկրորդ եւ երրորդ քաղաքներում է, որ նրան հաջողվեց շատ թե քիչ համակարգված հանդես գալ իշխանության ու նրա թեկնածուների դեմ։ Եվ պետք է նշել, որ արդյունքներն այնքան էլ վատը չէին նախորդ տարիների ակնհայտ ձախողումների համեմատ։
Դրանք ցույց տվեցին, որ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում տեղ գտած բացասական միտումները եւ շարունակվող արտագաղթը իրենց լուրջ ազդեցությունն են ունենում ընտրողի տրամադրության վրա՝ ընդլայնելով ընդդիմադիր ընտրազանգվածը։
Նման բացասական միտումները, անշուշտ, մեխանիկորեն չեն տեղափոխվում քաղաքական գործընթացներ, այլ ընդունում են նոր եւ ոչ ստանդարտ մտածողություն ունեցող քաղաքական առաջնորդների փնտրտուքի տեսք։ Ի վերջո, շարքային ընտրողին չի հետաքրքրում, թե քաղաքական դաշտի ո՛ր հատվածն է զբաղեցնում այս կամ այն քաղաքական ուժը կամ գործիչը. նա փնտրում է իր սոցիալական պատվերը կատարողներին։ Ուստի վերջին ամիսներին մեզանում սկսվել էր եւ մինչ օրս շարունակվում է այդ պատվերն ընտրողից որսալու եւ 2017-ի ապրիլին կոնկրետ քվեի վերածելու ուղիների ու մեթոդների փնտրտուքը ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր դաշտերում։
Այս առումով ոմանք մեծ ակնկալիքներով ցույցեր էին կազմակերպում Գագիկ Ծառուկյանի ապարանքի մոտ։ Մյուսները սպասում էին մեկ այլ գործարարի՝ Արա Աբրահամյանի քաղաքական նորամուտին, իսկ երրորդներն իրենց հայացքն ուղղում էին Խաչատուր Սուքիասյանի կողմը։ Սակայն, երեւում է, այս առումով էլ առաջիկայում սպասելիքներ չպետք է ունենանք՝ կապիտալը ոչ թե անմիջական, այլ միջնորդավորված ներկայություն կլինի առաջիկա քաղաքական դիմակայության մեջ։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում