Վերջին օրերին տարբեր հարթակներում քննարկման առարկա է դառնում արեւմտահայերենը որպես առանձին առարկա հայաստանյան դպրոցներ ներմուծելու հարցը։ Դրա նպատակահարմարության ու անհրաժեշտության վերաբերյալ հնչում են տարբեր կարծիքներ։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հաստատեց, որ ուսումնական պլանով «արեւմտահայերեն» առարկան նախատեսված է, ընդ որում, արդեն մի քանի տարի։ Բայց այն չի դասվում պարտադիր ուսուցանվող առարկաների շարքը, եւ ներառե՞լ դա դասավանդվող առարկայախմբում, թե՞ ոչ, ընտրությունը թողնված է հանրակրթական հաստատություններին։ Արեւմտահայերեն թույլատրվում է ուսումնասիրել ավագ դպրոցի 10-րդ եւ/կամ 11-րդ դասարաններում։ Քննարկվում է ցածր դասարաններում նույնպես դա հնարավոր դարձնելու հարցը։
Առայժմ, ըստ Նարինե Հովհաննիսյանի, որեւէ դպրոցից հայտ չի ստացվել արեւմտահայերենի ուսուցում կազմակերպելու համար, ի տարբերություն, օրինակ, գրաբարի, որը նույնպես ներառված է ուսումնական պլանում եւ արդեն շուրջ տասնյակ դպրոցներում այն ուսուցանվող առարկա է դարձել։
«Եթե որեւէ դպրոց ցանկություն ունի «արեւմտահայերեն» առարկա ունենալ, կարող է համապատասխան ծրագրեր մեզ առաջարկել, մենք կհաստատենք, եւ երեխաները դպրոցում կուսումնասիրեն այդ առարկան»,- ասաց վարչության պետը։
Ինչ վերաբերում է դասագրքերին, նա նշեց. «Եթե դպրոցը դիմի, ծրագիրը հաստատվի, սկսեն աշխատել եւ եթե այդ առարկան ուսումնասիրող աշակերտների թիվը մեծ լինի, կարող ենք նաեւ դասագիրք տպագրել։ Նաեւ կա արեւմտահայերենի օժանդակ գրականություն, որն անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել»։
Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը արեւմտահայերենի ուսուցանումը կարեւոր է համարում հատկապես հումանիտար մասնագիտություններ նախընտրող աշակերտների, ինչպես նաեւ սիրիահայ այն երեխաների համար, որոնք տեղափոխվել կամ տեղափոխվելու են հայաստանյան դպրոցներ։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում