Բելառուսը և Ադրբեջանը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ըստ միջազգային իրավունքի նորմերի լուծման օգտին: Ինչպես գրում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, այս մասին ասվում է երկու երկրների նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է նոյեմբերի 28-ին՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպումից հետո:
Դրանում ասվում է, որ կողմերը կարևորում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերի և համընդհանուր ընդունված սկզբունքների՝ «նախևառաջ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման և սահմանները չխախտելու հիման վրա, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և ԵԱՀԿ որոշումներին համապատասխան»:
Պետության ղեկավարները, հաշվի առնելով ԵԱՀԿ շրջանակներում, իրականացվող ջանքերը, ինչպես նաև Մինսկի խմբի և նրա համանախագահների գործունեությանը, կարևորել են նրանց լրացուցիչ քաղաքական խթան տալու անհրաժեշտությունը՝ դրանց հետագա արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Փաստաթղթում ասվում է, որ կողմերը կշարունակեն հետագայում էլ համաձայնեցված ջանքեր գործադրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ահաբեկչության դեմ պայքարում բազմակողմանի համագործակցության արդյունավետության բարձրացման և այլ ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ