Վոլեյբոլի տղաների մրցաշարի եզրափակիչ խաղերով ավարտվեցին ապրիլին մեկնարկած 4 խաղային ձևերից (ֆուտզալ, հանդբոլ, բասկետբոլ և վոլեյբոլ) տղաների և աղջիկների շրջանում 7 առաջնություններ ընդգրկած ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը: Մասնակցություն ունեցան պետական և ոչ պետական 15 բուհերի 1000-ից ավել ուսանողներ։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզասրահում կազմակերպված վոլեյբոլի մրցաշարի տղաների առաջնությունում հաղթողի գավաթի համար մրցում էին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարանի (ՃՇՀԱՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) թիմերը: Թեժ պայքարից հետո 2-1 հաշվով հաղթող ճանաչվեց ՃՇՀԱՀ-ի թիմը, իսկ ՀԱՊՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջնությանը մասնակցում էին 8 բուհերի թիմեր (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. երկրորդ տեղը զբաղեցրած թիմը ստացավ պատվոգիր, իսկ առաջինը`գավաթ և պատվոգիր: Խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում խաղային սպորտաձևերի մասսայականացմանը: Նշենք, որ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերը իրականություն դարձան ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն